Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը երեկ սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի իրենց պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ, եւ ի թիվս այլ հարցերի քննարկել նաեւ ղարաբաղյան խնդիրը:
Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի՝ արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարեւորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:
Թողնենք՝ իրար մեջ լուծեն
Ռուսական կողմը շեշտել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երեւանի ու Բաքվի համաձայնությամբ՝ թերեւս նկատի ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ տարաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հարթելու առաջարկը:
Ֆրանսիան պաշտոնական հաղորդագրության մեջ վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու ցանկությունը` որպես Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաեւ միջազգային այլ հարթակներում: «Նախարար Լը Դրիանը հայտնել է Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության թուլացմանը հասնելու եւ անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունից բխող հարցերը կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է պաշտոնական Փարիզը:
Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ նախարար Լը Դրիանն ընդգծել է սահմանազատման եւ սահմանագծման շուրջ մարտահրավերների հաղթահարման համար կողմերի միջեւ բանակցություններ սկսելու կարեւորությունը անկախ վերջին զարգացումներից, որ տեղի են ունեցել այդ տարածքներում: Նախարարը վերստին ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանեն ծայրաստիճան սառնասրտություն եւ զերծ մնան ցանկացած սադրանքից:
Գերմանիայի ԱԳՆ-ն դեռեւս չի համարում կարգավորված
Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, որ նախարարները քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական դեռեւս չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Պաշտոնական Բեռլինը, այսպիսով, հակառակվել է Ալիեւի պնդմանը, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան խնդիրը լուծված է, եւ նման հակամարտություն գոյություն չունի: