ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովի մամուլի ասուլիսում, կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանում լայնամասշտաբ հակամարտության բռնկումից խուսափելու համար։
«Այն, ինչ մենք տեսնում ենք Լիբանանում, դեռ սկիզբն է: Սա լայնածավալ գործողություն է՝ զանգվածային ռմբակոծություններով, ակնհայտորեն նաեւ Հեզբոլլահի կողմից: Մենք տեսնում ենք ահռելի չափերի հասնող ողբերգություն և պետք է ամեն ինչ անենք Լիբանանում լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Լիբանանի հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը հասել է գրեթե 2 հազարի, մոտ 170 հազար լիբանանցիներ փախել են Սիրիա, իսկ տեղահանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում «Հեզբոլլահի» ուժերի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր բնակիչներ կարողանան վերադառնալ իրենց տները, որոնք տարհանվել էին «Հեզբոլլահի» հետ բախումների առաջին օրերից։
Սեպտեմբերի 27-ին իսրայելական հարվածներից մեկի հետեւանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, իսկ հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություններ սկսելու մասին։