«Հայաստանի դեսպանատներում հայաստանյան ընտրություններին մասնակցելու եւ քվեարկելու կարգը ՀՀ քաղաքացիների համար, ինչպես գիտեք, վաղուց չի գործում»,- ի պատասխան դրսում բնակվող հայերի՝ ընտրությանը մասնակցելու մասին մեր հարցմանը «Ալիք մեդիա»-ին հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացի սփյուռքահայը կամ սփյուռքաբնակը ընտրության օրն անպայման պետք է գտնվի Հայաստանում, եւ մինչ այդ օրը պետք է լրացած լինի նրա 18 տարին: Սփյուռքում բնակվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեն, նախօրոք պետք է հաշվառվեն, որպեսզի ըստ ընտրական տեղամասերի եւ հաշվառման վայրի հասցեների ընդգրկվեն ընտրացուցակներում: Գրասենյակից տեղեկացանք նաեւ, որ հաշվառումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ (հունիսի 10-ը ներառյալ):
Հայաստանում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք է ներկայացնում դիմում (դիմումի ձեւը՝ https://cutt.ly/cnftQCY) ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունքը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ դրա մասին տեղեկանք է տրամադրում:
Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը պետք է լրացվի անձամբ, ստորագրվի եւ ներկայացվի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմողի բնակության վայրը:
Եթե ընտրել ցանկացողը անձամբ չի կարող դիմումը ներկայացնել համապատասխան տարածքային անձնագրային բաժանմունք, ինչպես նաեւ անձամբ ստանալ ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքը, ապա դրա համար նույնպես ընթացակարգ է սահմանվել. պետք է ունենալ լիազորված անձ, շարադրել ազատ ոճով լիազորագիր՝ պարտադիր նշելով դիմողի եւ լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները, ինչպես նաեւ այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի լիազորված անձը:
Լիազորագրի համար, ինչպես նշվում է ընթացակարգում, նոտարական վավերացում չի պահանջվում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրին նաեւ, որ այս պահին հայտնի չէ, թե սփյուռքում ապրող եւ Հայաստանում քվեարկել ցանկացող ՀՀ քանի քաղաքացի է դիմել ընտրությանը մասնակցելու համար, բայց նշեցին, որ կա հետաքրքրվածություն:
Ի դեպ, Հայաստանում պարտադիր գտնվելու կարգը չի գործում դիվանագիտական կորպուսի անդամների եւ նրանց ընտանիքների համար. նրանք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են յուրաքանչյուրն իրենց գտնված երկրում:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։