Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին եւ բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Շոլցը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր 1,4 մլրդ արժողությամբ փաթեթ հատկացնելու մասին, գրում է Интерфакс-Украина-ն։
Շոլցի խոսքերով՝ Գերմանիան Բելգիայի, Դանիայի եւ Նորվեգիայի հետ միասին Ուկրաինային կփոխանցի IRIS-T եւ Skynex հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, ինչպես նաեւ Gepard զենիթային տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, մարտական անօդաչու թռչող սարքեր, ռադարներ եւ հրետանային զինամթերք։
Գերմանիայի կանցլերը նաեւ հավելել է, որ երկրի բյուջեով արդեն իսկ նախատեսված է4 միլիարդ եվրոյի տրամադրում՝ երկկողմանի օգնության շրջանակում։ Նա նաեւ հիշեցրել է, որ G7 երկրները համաձայնել են Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել։
Բեռլինը Ուկրաինայի առաջնորդի եվրոպական շրջագայության վերջին կանգառն է։ Նա արդեն եղել է Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, իսկ ուրբաթ Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։