Երեւանի բուսաբանական այգում խորհրդային տարիներին կառուցված կիսավեր շինությունը հունիսի 5-ից այցելուներին ներկայանում է նորովի՝ որպես հարմարավետ ու հյուրընկալ Էկոէպիկենտրոն:
Այն Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական եւ կրթական կենտրոն է լինելու եւ գործելու է որպես ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի մաս։
Էկոէպիկենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), WWF-Հայաստանի ու բուսաբանության ինստիտուտի անձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքում:
Էկոէպիկենտրոնը զբաղվելու է Հայաստանի ֆլորայի տեսակների ex situ` բնական ապրելավայրից դուրս պահպանությամբ ու ուսումնասիրությամբ:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որն այս տարի նշվել է «Ժամանակն է վերափոխելու, վերականգնելու, վերստեղծելու» խորագրով:
Բուսաբանական այգում Էկոէպիկենտրոնի ստեղծումն ու գործունեությունն իրենց ելույթներում կարեւորել են բացման արարողությանը ներկա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ այլք:
Այն բաց կլինի կենսաբազմազանության վերաբերյալ ուսուցման եւ բնապահպանական հարցերի վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ ցուցահանդեսների, էքսկուրսիաների, դասընթացների եւ դասախոսությունների կազմակերպման համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։