Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Kanal7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած որոշ խնդիրների առկայությանը՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցն անպայման լուծվելու է։
«Այս նախագիծն այսպես թե այնպես իրականացնում ենք Ադրբեջանի հետ։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել մոտ ժամանակներում։ Դա ժամանակի հարց է»,- ասել է Ուրալօղլուն։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի արեւելյան շրջաններից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։
«Առաջին դեպքում դրա երկարությունը կլինի 61 կմ, իսկ երկրորդ դեպքում՝ մոտավորապես 43 կմ»,- ասել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ «անխոհեմ քայլ կլինի» որեւէ երկրի կողմից Պեկինը Լոնդոնի հետ կապող միջազգային տրանսպորտային կապուղուց հրաժարվելը։ Նա հավելել է նաեւ, որ թեեւ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով Անկարան բանակցություններին ուղիղ չի մասնակցում, այնուամենայնիվ Բաքվի հետ մշտական կապի մեջ է։