Հյուսիսային Կորեան ոչ միայն զենք է փոխանցում Ռուսաստանին, այլ նաեւ իրականում ուղարկում է իր քաղաքացիներին ռուսական զորքերի կազմում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, երեկոյան հեռուստաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և այնպիսի վարչակարգերի միջև, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, դաշինքը աճում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը եւ հավելել, որ նման պայմաններում Ուկրաինայի հարաբերությունները գործընկերների հետ հետագա զարգացման կարիք ունեն։
«Ճակատն ավելի շատ աջակցության կարիք ունի»,- ընդգծել է Զելենսկին՝ եւս մեկ անգամ նշելով, որ Ուկրաինան պետք է օգտագործի արեւմտյան հեռահար զինատեսակները՝ ՌԴ տարածքի խորքերում տեղակայված թիրախներին հարվածելու համար։
Հոկտեմբերի սկզբին բրիտանական The Times-ը գրել էր, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է մատակարարում մոտ երեք միլիոն հրետանային արկերի կեսը, որոնք ռուսական զորքերը տարեկան օգտագործում են Ուկրաինայի դեմ պատերազմում: The Guardian-ն էլ, վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, հայտնում է, որ ԿԺԴՀ—ի ռազմական ինժեներները ռուսական բանակին օգնում են Ուկրաինայի դեմ հյուսիսկորեական KN-23 հրթիռների կիրառման հարցում։
The Washington Post-ը, հղում կատարելով ուկրաինացի և հարավկորեացի պաշտոնյաներին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի զինվորականներն արդեն մասնակցում են մարտերին Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նաեւ նշվում է, որ Հյուսիսային Կորեայի եւս մի քանի հազար զինվորականներ վերապատրաստվում են հետագայում Ուկրաինա ուղարկվելու համար: