«Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականը, Երեւանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի թիմին, պարտվեց 0:2 հաշվով։ Դրանից հետո ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը լքեց իր պաշտոնը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո շարժման անդամները այցելել են ՀՖՖ գրասենյակ՝ նպատակ ունենալով հանդիպելու Արմեն Մելիքբեկյանի հետ, սակայն Մելիքբեկյանը չի ընդունել նրանց։
ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը նշել է. «Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին՝ ցանկանալով, որ մեր ֆուտբոլում լինեն դրական փոփոխություններ։ Սակայն, ցավոք, այդ փոփոխությունները չենք տեսել։ Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ֆեդերացիային պետք է ժամանակ տալ։ Բայց այժմ հասել ենք այն կետին, երբ ՀՖՖ նախագահը չի հանդիպում մեզ հետ, եւ սա առաջին դեպքը չէ։ Այս իրավիճակում կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հրաժարական տա»։
Հատկանշական է, որ ՖԱՖ շարժումը մշտապես պաշտպանել եւ աջակցել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ընթացքում։
Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ կայքից