Լիբանանում տեղակայված ՄԱԿ—ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) 40 երկիր, որոնց թվում է նաեւ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել առաքելության գործունեությունն ու ապահովել Լիբանանում խաղաղապահների անվտանգությունը:
«Որպես Լիբանանում ՄԱԿ—ի ժամանակավոր ուժերի համար ներդրում կատարող երկրներ՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը UNIFIL-ի առաքելությանը եւ գործունեությանը, որի հիմնական նպատակն է կայունություն եւ կայուն խաղաղություն հաստատել Հարավային Լիբանանում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում՝ համաձայն ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:
UNIFIL-ի դերը հատկապես կարևոր ենք համարում տարածաշրջանում սրվող իրավիճակի լույսի ներքո։
Ուստի մենք խստորեն դատապարտում ենք UNIFIL-ի խաղաղապահների վրա վերջին հարձակումները։ Նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն եւ պետք է համարժեք հետաքննվեն:
Մենք հորդորում ենք հակամարտող կողմերին հարգել UNIFIL-ի ներկայությունը, որը պահանջում է մշտապես երաշխավորել նրա անձնակազմի անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրականացնել մանդատը եւ իրենց միջնորդական աշխատանքն ու աջակցել խաղաղությանն ու կայունությանը Լիբանանում եւ ամբողջ տարածաշրջանում»,-ասվում է համատեղ հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ նախօրեին UNIFIL-ը հայտարարել էր, որ երկու իսրայելական տանկեր կոտրել են իրենց դիրքերի դարպասներն ու ներխուժել տարածք, սակայն բողոքարկումից հետո հեռացել են։
Որոշ ժամանակ անց հաղորդվել էր նաեւ խաղաղապահների բազաներից որոշակի հեռավորության վրա արձակված կրակոցների մասին, որից առաջացած ծուխը, ներթափանցելով բազա, վնասել էր խաղաղապահների առողջությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում խաղաղապահների վրա կարող է դիտարկվել որպես ռազմական հանցագործություն։