Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին անցկացվող հանրահավաքի վայրի մոտ ձերբակալվել է զինված տղամարդ, հայտնում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Կոաչելլայում։
Ըստ Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոյի՝ Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վամ Միլլերին ձերբակալել են խաչմերուկում տեղակայված անցակետերից մեկում Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ։ Նշվում է, որ նա վարել է սեւ ամենագնաց եւ կրել որսորդական հրացան, ատրճանակ եւ ամբողջությամբ լիցքավորված պահեստատուփ։
Իշխանությունները նաեւ նշում են, որ տղամարդն ունեցել է բազմաթիվ անձնագրեր եւ վարորդական վկայականներ:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք—զինամթերք պահելու մեղադրանքով, ապա 5000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա գործերի քննությունը սկսվել է այս տարվա հունվարի 2-ին։
Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը չի ազդել Թրամփի կամ հանրահավաքի մասնակիցների անվտանգության վրա:
Տեղի շերիֆը պնդում է, որ սպաները կանխել են Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձը, սակայն միջադեպի վերաբերյալ շատ հարցեր մնում են անպատասխան: Նրա խոսքերով՝ դժվար է նույնիսկ հաստատելը, որ նա սպանության է պատրաստվել։
CBS News-ը, հղում կատարելով դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցչին, հայտնում է, որ առայժմ որևէ նշան չկա, որ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել։
Գաղտնի ծառայությունը եւ ՀԴԲ—ն հայտնել են, որ տեղյակ են ձերբակալության մասին եւ երախտապարտ են տեղի ոստիկանության աշխատակիցներին՝ նշելով, որ միջադեպը չի ազդել Թրամփի անվտանգության վրա:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին հանրահավաքի վայրն ու նախագահ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին հաղորդագրություններին եւ ներկայում վերահսկում ենք իրավիճակն ու լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։