Ռուսաստանի Կուրսկի մարզից հազարից ավելի բնակիչ է բռնի տեղահանվել ուկրաինացի զինվորականների կողմից, հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։
«Հազարից ավելի նման մարդկանց վերաբերյալ դիմումներ եմ ստացել հարազատներից, որոնք փորձում են գտնել նրանց։ Կարծում եմ՝ օգտակար կլինի հիշեցնել, որ իրենց մշտական բնակության վայրերից քաղաքացիական անձանց հարկադիր հեռացնելը Ժնեւի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասել է Մոսկալկովան։ Նրա խոսքերով՝ տեղահանվածների մեջ երեխաներ կան։
Մոսկալկովան հավելել է, որ խնդրել է Ուկրաինայի Գերագույն ռադային մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցին հայտնել իրեն Կուրսկի մարզից տարհանված բնակիչների թիվը։ Նախատեսում է այս հարցը քննարկել առաջին հերթին օմբուդսմենի հետ հանդիպմանը, ինչի շուրջ համաձայնության են եկել ռուսական և ուկրաինական կողմերը։
Մոսկալկովան նշել է, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեկնարկից հետո Կուրսկի մարզից տարհանվել է 112 337 մարդ։
Հարյուր հազարից ավելի մարդ տեղավորվել են հարազատների ու ընկերների մոտ։ Ժամանակավոր կացարանի կենտրոնները, ինչպես նաեւ բժշկական եւ սոցիալական հաստատությունները ընդունել են Կուրսկի շրջանի 12328 բնակիչների, այդ թվում՝ 3685 երեխաների։ Եվս 40 հազար բնակիչ հրաժարվել է տարհանվելուց կամ արդեն տուն է վերադարձել, հավելել է օմբուդսմենը։