Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածների թիրախները կլինեն ռազմական ենթակառուցվածքները, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտները: Դրա մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին, որոնք ցանկացել են անանուն մնալ։
Պարբերականին զրուցակիցներից մեկը պատմել է, որ հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռային հարձակմանը Իսրայելը կպատասխանի մինչեւ ԱՄՆ ընտրությունները, քանի որ Թեհրանը կարող է պատասխան գործողությունների երկարատեւ բացակայությունը ընկալել որպես թուլություն։ Միեւնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Իսրայելի պատասխանը լինելու է այն ձեւով, որպեսզի կարողանա խուսափել «ամերիկյան ընտրություններին քաղաքական միջամտությունից»։
Բացի այդ՝ ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ Իսրայելը հայտարարել է, որ «առաջիկա շաբաթների ընթացքում» կդադարեցնի Լիբանանում ընթացող գործողությունները, գրում է պարբերականը։
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն «ավելի չափավոր դիրքորոշում» է ընդունել Իրանին հարվածելու հարցում։ Իսրայելի վարչապետի դիրքորոշման մեղմացումը, գրում է The Washington Post-ը, ազդել է Իսրայելին THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարելու Բայդենի որոշման վրա։
Ավելի վաղ ԱՄՆ եւ իսրայելցի պաշտոնյաները մի շարք բանակցություններ են վարել, որոնց ընթացքում Վաշինգտոնը փորձել է սահմանափակել Իսրայելի հնարավոր պատասխան գործողությունները՝ նպատակ ունենալով կանխելու Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնումը։ Նախագահ Ջո Բայդենն էլ, Reuters-ի փոխանցմամբ,ասել էր, որ եթե լիներ Իսրայելի փոխարեն, ապա կմտածեր Իրանի նավթահանքերին հարվածելու այլընտրանքների մասին։
Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ իրանական նավթային օբյեկտների վրա հարձակումը կարող է առաջացնել էներգակիրների գների բարձրացում, իսկ միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է հետագա էսկալացիա հրահրել եւ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ, նշում է The Washington Post-ը։