Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեայի) միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը։ Փաստաթուղթը հրապարակված է Դումայի օրենսդրական գործունեության տվյալների բազայում։
Օրենքի նախագծին ուղեկցող փաստաթղթերի փաթեթում կա նաեւ պայմանագրի տեքստը, որի 4-րդ կետով նախատեսված է նաեւ ագրեսիայի ենթարկվելու դեպքում փոխադարձ ռազմական օգնության տրամադրման մասին դրույթը, որը ոչ այլ ինչ է, քան ռազմական դաշինքի հաստատման մասին ամրագրում։
«Եթե Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որեւէ պետության կամ մի քանի պետությունների կողմից եւ այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս Կողմն անհապաղ ռազմական եւ այլ օգնություն պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է պայմանագրի հոդվածում։
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ կողմերը հաստատեն եւ փոխանակեն վավերագրերը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս պայմանագիրը ստորագրել են հունիսի 19-ին ՌԴ նախագահի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ։
Ինչպես նշել է հարավկորեական Yonhap գործակալությունը, պայմանագրի ռազմական փոխօգնությանը վերաբերվող 4-րդ հոդվածը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1961 թվականի ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ Բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրի 1-ին հոդվածը։
Արեւմտյան մամուլը վաղուց է հայտնում, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին հրետանային արկեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմում։ Բացի այդ՝ Հյուսիսային Կորեայից ժամանած ինժեներներն օգնում են Մոսկվային փոխանցած որոշ զինատեսակների կիրառման հարցում, իսկ որոշակի թվով մարտիկներ ուղիղ մասնակցում են ռազմական գործողություններին։
Հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան «փաստացի միացել է պատերազմին»։