Արեւմուտքը փորձում է ազդել Վրաստանում նախընտրական արշավի ընթացքի վրա, մինչդեռ Ռուսաստանը չի միջամտում եւ մտադիր չէ միջամտելու այս երկրի ներքին գործերին։ Դրա մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դա մեր գործը չէ։ Մենք տեսնում ենք արեւմտյան երկրների կողմից Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա ճնշում գործադրելու եւ նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ուղղակի ազդեցություն ունենալու անթաքույց փորձեր։ Մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին եւ չենք էլ պատրաստվում դա անելու։ Վրաստանը մեր հարեւանն է։ Դուք գիտեք մեր երկկողմ հարաբերություններում առկա բոլոր բարդությունները, որոնք միեւնույն ժամանակ չեն խոչընդոտում երկու երկրների հասարակությունների եւ ժողովուրդների միջեւ հումանիտար կապերի զարգացումը։ Մարդիկ շարունակում են ճանապարհորդել ինչպես Վրաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը՝ որի խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը։
Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ վատթարացան մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության, խորհրդարանի անդամների, նրանց հարազատների եւ իրավապահների նկատմամբ։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսին հայտարարեց Թբիլիսիին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու ծրագրի դադարեցման մասին՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ ԵՄ-ն էլ նույն պատճառով սառեցրեց Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոյի ֆինանսական օգնությունը։