Տարածաշրջանային «3+3» հարթակի երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ հորդանանցի գործընկեր Այման ալ-Սաֆեդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մեր երկրում՝ Ստամբուլում, հուսով ենք, որ կանցկացնենք այդ հարթակի երրորդ նիստը, որը տարածաշրջանային պատասխանատվության վառ օրինակ է եւ միտված է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատմանը։ Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները»,- նշել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց հարեւան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստը գումարվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրացական կողմը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում տարածաշրջանային համագործակցության մասին քննարկելու Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 %-ը։
Հարթակի երկրորդ նիստը արդեն արտգործնախարարների մակարդակով կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը կրկին նույն պատճառաբանությամբ չի մասնակցել նաեւ երկրորդ նիստին։