Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը երբեք էլ չի կապել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP 29-ի հետ։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետքարտուղարը սպասում էր, որ COP 29-ից առաջ Ադրբեջանում հետ են մղվելու մարդու իրավունքները, իսկ Հայաստանի հետ խաղաղությունն այդպես էլ չի ստորագրվել։
«Մենք ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրն ու առաջ մղում խաղաղության համաձայնագրի կնքումը՝ ի վերջո հույս ունենալով, որ կհասցնենք այն»,- նշել է Միլլերը եւ հավելել, որ այնուամենայնիվ, «դա կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»:
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի հարցով:
«Ավելի ճիշտ՝ առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայանալը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ՝ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել»,- նշել էր Խանդանյանը: