Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցով այժմ Վրաստանում է։
Թբիլիսիում նա ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, պաշտպանական ոլորտի ամրապնդմանը եւ շեշտել, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Վրաստանի ինտեգրումը եվրաատլանտյան ինստիտուտներին՝ ներառյալ ՆԱՏՕ-ին։ «Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովի հայտարարությանը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ»,- ասել է Ռիքերը:
Ֆիլիպ Ռիքերը կարեւորել է նաեւ Վրաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում։ «Վրաստանը կլինի առաջին երկրների շարքում, որը պատվաստանյութի 25 միլիոն չափաբաժնից որոշակի քանակություն կստանա»,- նշել է ԱՄՆ-ի պետպաշտոնյան։
Ֆիլիպ Ռիքերը կայցելի նաեւ Երեւան եւ Բաքու։ Նրա այցը Հայաստան համընկնում է նախընտրական թեժ շրջանին, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, իսկ արտգործնախարարության ղեկավար կազմն ազատվել է աշխատանքից։