Ալժիրը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ են հրավիրել Գազայի հատվածում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Գազայի հյուսիսում հումանիտար իրավիճակը սարսափելի է։ Կենսապահովման համակարգերի հասանելիությանն առնչվող իրավիճակը վատթարանում է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սննդամթերք գրեթե չի հասել այնտեղ։ Իսրայելը պետք է ապահովի խաղաղ բնակչության պաշտպանությունը եւ ճանապարհներ բացի՝ կենսական նշանակության օգնությունը հասցնելու համար։ Մեր ֆրանսիացի եւ ալժիրցի գործընկերների հետ մենք այսօր հրավիրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ այս խնդիրը լուծելու համար։ Մեր միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք անհապաղ հրադադարի կոչ անել, որպեսզի ավելի շատ մարդասիրական պաշարներ մատակարարվեն, իսկ մնացած պատանդներն ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել էր ավելի վաղ մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նամակով դիմել էին Իսրայելի պաշտպանության նախարար Յավ Գալանտին եւ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերին՝ կոչ անելով Գազայում ստեղծված հումանիտար իրադրությունը շտկելու համար քայլեր ձեռնարկել 30 օրվա ընթացքում։
«Գազա մատակարարված օգնության ծավալները սեպտեմբերին եղել են ամենացածրը անցած ամբողջ տարվա ընթացքում»,- նշված է Axios-ի մեջբերած նամակի տեքստում։ ԱՄՆ պաշտոնյաները իսրայելական կողմին նաեւ զգուշացրել էին, որ նման միջոցների չդիմելու դեպքում զգուշացրել են ռազմական աջակցության կրճատման մասին։
Լարվածություն կա նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջեւ, որը սկսել է աճել, երբ նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Գազայում եւ Լիբանանում իսրայելական բանակի օգտագործած զինատեսակների արտահանման դադարեցումը հակամարտություններին վերջ տալու միակ միջոցն է:
Հոկտեմբերի 16-ին կայացած Ֆրանսիայի եւ Իսրայելի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն հայտարարել էր, որ դեմ է «միակողմանի զինադադարին, որը չի փոխելու Լիբանանի անվտանգությանն առնչվող իրավիճակը»: