Ալիեւյան Ադրբեջանը չի բավարարվում 2020-ի նոյեմբերին գրանցած հաղթանակով, չի բավարարվում հայկական տարածքներ մխրճվելով ու այդ տարածքներում տեղակայվելով, չի բավարարվում Արցախի օկուպացմամբ ու Արցախի հայաթափմամբ։ Նրանց նպատակը Հայաստան պետության չեզոքացումն է։ Խոսքը ոչ թե պետության վերացման, այլ տարածաշրջանում մեր երկրի դերի զրոյացման, ինքնիշխանության ամենացածր մակարդակի վրա պահելու ու Բաքվի թելադրանքներին հնազանդեցնելու մասին է։
Այս պատճառով էլ անընդհատ նորանոր պահանջներ են հնարում, որոնց կատարումը կարող է Հայաստանի ինքնիշխանության եւ արժանապատվության հաշվին լինել միայն։
Նրանք ականապատ դաշտերի քարտեզներ էին պահանջում, որոնց դիմաց պետք է ազատ արձակեին հայ գերիներին։ Քարտեզները ստացան, շատ գերիներ, բայց, Ադրբեջանում են։ Նրանք Հայաստանի Սահմանադրությունը փոխել են պահանջում, որն, իբր, հաշտության պայմանագիրը ստորագրելու խոչընդոտ է։ Նրանք պահանջում են դատել Հայաստանում նրանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի դեմ պատերազմին։ Նրանք, Հայաստանի վերահսկողությունից դուրս, Սյունիքով դեպի Նախիջեւան միջանցք են պահանջում։ Ցանկանում են հատել Հայաստանի սահմանը, երթեւեկել Հայաստանի տարածքով եւ չհանդիպել Հայաստանի սահմանապահներին, մաքսավորներին ու ոստիկաններին։ Հղում են կատարում 2020-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետին, որի մյուս բոլոր կետերն իրենք խախտել են հիմնովին։ Իրենց պահանջի կատարումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացում են անվանում։ Ակնարկում են, թե դա կարող է Հայաստանի ապաշրջափակման նախապայման լինել։
Բաքվի կեցվածքն ու Բաքվի վերջնագրեր հիշեցնող պահանջները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հաշտության գնալու տրամադրված չէ բոլորովին, որ Սյունիքով իր պահանջած միջանցքը ստանալու դեպքում անգամ (եթե, իհարկե, ստանա) Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ քայլ չի անելու։ Հակառակը՝ ավելին է խորացնելու այն՝ ներառելով նաեւ Իրան-Հայաստան հատվածը։
Թուրքիան անընդհատ կրկնում է, որ Հայաստանի հետ սահմանը կբացի եւ նորմալ հարաբերություններ կսկսի, երբ կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Իսկ Ադրբեջան,ը նորանոր պահանջներ առաջ քաշելով, կրկնելով հորինվածքը, թե Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունի, սահմանային կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով, լոկալ կամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը թարմ պահելով, սադրանքների դիմելով, հարաբերությունների կարգավորման չի գնալու ու ավելի է խորացնելու լարվածությունը։ Ամեն ինչ անելու է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հիմք չլինի, եւ Հայաստան-Թուրքիա սահմանը չբացվի։ Որ Հայաստանով անցնող ճանապարհներ չլինեն։ Որ Հայաստանը դեպի աշխարհ դուրս գալու հնարավորություն չունենա, որ լավագույն դեպքում Լարսի հույսին մնա։
Եթե հեռատես գործիչներ ունենայինք ու մինչեւ 2020 թվականը գնայինք Ադրբեջանի հետ հաշտության, ապա չէր լինի պատերազմը, չէր լինի պարտությունը, ու այս վիճակը չէր լինի։ Կպայմանավորվեինք որպես երկու հավասար հարեւաններ, որոնք հակամարտության լուծման ճանապարհն են ընտրում: Կունենայինք բաց սահմաններ եւ զարգացող երկիր։ Անգամ 2020- ի պատերազմից ու պարտությունից հետո էր հնարավոր ունենալ շատ ավելի շահեկան վիճակ, քան ունենք այսօր: Դրա համար պետք էր գործել արագ ու լինել շրջահայաց։ Պետք էին կարող բանակցողներ։ Կար Արցախը, կար Հայաստանի հետ կապը, ընթանում էին բանակցություններ, եւ Ադրբեջանը դեռ չէր հանգել հարցն ուժով փակելու մտքին։ Նման լուծումը հնարավոր համարեցին 2021-ի արտահերթ ընտրություններից հետո միայն, երբ տեսան, որ դրանց արդյունքում Հայաստանը շարունակում են ներկայացնել նրանք, ովքեր բանակցել չեն կարողանում, աջակիցներ ձեռք բերել չեն կարողանում, իրենց երկրի շահը ձեւակերպել ու ներկայացնել չեն կարողանում։ Ովքեր մոլորված են ու անպաշտպան։
Այսօր էլ մոլորված ու անպաշտպան վիճակը շարունակվում է ու Ալիեւին հնարավորություն է տալիս իրականացնելու հնազանդ Հայաստան ունենալու ծրագիրը։ Նրա այս ծրագիրը կխափանվի, եթե հայկական կողմը կկարողանա, առանց Ադրբեջանից հնչող համաձայնության, պայմանավորվել Թուրքիայի հետ ու ճեղքել շրջափակումը։
Պարզ է՝ Հայաստանը միայնակ այս խնդիրը լուծել չի կարող: Դրա համար ծանրակշիռ աջակիցներ ու ծանրակշիռ միջնորդներ են պետք։ Նվնվալու փոխարեն, այս կամ այն կողմից նեղանալու, հարաբերություններ խզելու եւ կրկին դրանք վերականգնեու փորձեր կատարելու փոխարեն, Արեւմուտքից Արեւելք ու Արեւելքից Արեւմուտք դեգերելու փոխարեն, վերացական ծրագրեր հնչեցնելու փոխարեն, ինչպես էլ որ դրանք կոչվեն՝ «Խաղաղության խաչմերուկ», թե այլ կերպ, ճիշտ կլինի ներգրավված դերակատարներին, լինեն նրանք Արեւմուտքում, թե Արեւելքում, այնպես մատուցել մեր խնդիրները, այնպես ներկայացնել, որ նրանք տրամադրվեն ու ներգրավվեն դրանց լուծման գործին։ Որ մեր խնդիրների լուծումն իրենց շահերի համատեքստում դիտարկեն, իրենց գործը համարեն։ Իսկ նման գործ գլուխ բերելու համար կրկին լուրջ բանակցող ունենալու մտքին ենք վերադառնում։
Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանում, պետք է հասկանան վիճակի լրջությունը, վիճակի ճակատագրականությունն ու իրենց շրջանակից դուրս կարողացողներ փնտրեն, օգտվեն իրենց շրջանակից դուրս եղած հնարավորություններից։ Կարո՞ղ են քաջություն դրսեւորել ու գնալ նման քայլի։ Քիչ հավանական է, բայց եթե շարունակեն փորձել իրենք, ինչպես փորձել են մինչեւ այսօր, էլ ավելի վատ վիճակ ենք ունենալու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։