«Բոլոր առումներով ուշացած ենք». պատերազմական Լիբանանից հայերին Հայաստան տեղափոխելու հարցին այսպես է պատասխանում լիբանանահայ իմ ընկեր Համբիկ Թորոսյանը:
Նա լուրջ մտավախություն ունի, որ պատերազմը կերկարի, եւ Իսրայելի հարվածներից զերծ չեն մնա նաեւ Լիբանանի հայաբնակ շրջանները:
Համբիկ Թորոսյանը, որ հայահոծ Նոր Հաճն շրջանի բնակիչ է, լիբանանյան առնվազն չորս պատերազմների ականատես է: Այսօր նա եւ Լիբանանում ապրող հազարավոր հայեր թեեւ պատերազմի դաշտից հեռու են, բայց լսում են անօդաչուների ձայները, որ 24 ժամ սարսափի մեջ են պահում երկրի բնակիչներին: Ոչ ոք չգիտի, թե անօդաչուն հաջորդ պահին ո՛ր ուղղությամբ կարձակի իր հրթիռները: Իհարկե, մինչեւ հիմա Իսրայելի կողմից Լիբանանի դեմ հայտարարված պատերազմը հատուկ թիրախներ է ընտրել երկրի հարավում, բայց վերջին օրերին նկատելի է, որ Իսրայելի կործանիչների ավիահարվածները հասնում են նաեւ Լիբանանի հյուսիսարեւելյան շրջաններ եւ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձան՝ Դահիե:
Լիբանանյան պատերազմների տարեգրությունը սեւ եւ արյունալի դրվագների մի հանրագումար է, որոնց տարբեր փուլերում, տարբեր տարիների նաեւ ներլիբանանյան առճակատումներ են տեղի ունեցել:
1978, 1982, 2006 եւ 2024. այս տարեթվերից յուրաքանչյուրը պատմում է Իսրայել-Լիբանան պատերազմի ամենատարբեր դրսեւորումների մասին, որոնք իրարից տարբերվում են նպատակներով, զենքերով, ու նաեւ տարբեր էին տարածաշրջանային պայմանները, որոնց ժամանակ ընթացել են այս պատերազմները:
Սեպտեմբերի 23-ից մինչեւ հիմա շարունակվող այս պատերազմը անցյալի պատերազմներին եւ ռազմական գործողություններին նման չէ:
Իսրայելը վճռել է ամեն գնով կոտրել «Հեզբոլլահ»-ի կամքը: Իսկ «Հեզբոլլահ»-ի զինյալներն էլ պատրաստ են մինչեւ մահ դիմադրելու։
Ամբողջ աշխարհը հետեւում է, թե ինչպես են Լիբանանի սահմանային հատվածում Իսրայելի պաշտպանական բանակը եւ «Հեզբոլլահ»-ի զինյալները ծանր մարտեր մղում՝ երկուստեք ունենալով մեծ կորուստներ: «Հեզբոլլահ»-ի դիմադրությանը հանդիպելով՝ Իսրայելը չի կարողանում ցամաքով առաջ ընթանալ եւ ուժը տալիս է Լիբանանի ամենատարբեր շրջանները հարվածելուն՝ սփռելով մահ, սարսափ եւ ավեր: Ըստ Լիբանանի առողջապահական նախարարության՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի եւ «Հեզբոլլահ»-ի բախումների զոհ է դարձել գրեթե 2400 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ Ըստ որոշ աղբյուրների՝ «Հեզբոլլահ»-ի զոհերի թիվն անցել է 5000-ը։
Հակամարտող կողմերի համար սրանք ընդամենը մանրամասնություններ են, նրանք կարեւորում են մի հանգամանք միայն՝ ո՞ր կողմն է մյուսին լուրջ ցավ պատճառելու, եւ այդ ցավի հետեւանքով ո՞վ ում է լուրջ զիջումներ պարտադրելու՝ հանուն սպասված հրադադարի:
Լիբանանի հայ քաղաքացի Համբիկ Թորոսյանը համոզված է, որ այս պատերազմը երկար է շարունակվելու, որովհետեւ ոչ մի կողմից զիջում չկա, երկու կողմերն էլ հավասարակշռությունը կորցրել են, ըստ նրա՝ խելամիտ մարդիկ, խելամիտ պատասխանատուներ չկան, պատերազմը վարողները ծայրահեղությունների են գնում՝ երկու կողմն էլ «ակռայի դեմ ակռա, աչքի դեմ աչք սկզբունքով»:
Հայությունը, երկրի մյուս համայնքների հետ, տեղո՛ւմ է հետեւում այս պատերազմին եւ ապրում նրա հետեւանքները:
Այսօր Լիբանանի հայության նախկին թիվը չկա. տարբեր տարիների հայերի թիվը մինչեւ 250 000-ի էր հասնում։ Բեյրութը հայերի համար կենտրոնական քաղաք է եղել, հայությունն այնտեղ մշակութային եւ այլ ասպարեզներից բացի երկրի մյուս 17 համայնքների հետ որոշիչ դեր է ունեցել երկրի քաղաքական կյանքում: Այսօր դժվար է խոսել մշակութային եւ մյուս դերակատարումների մասին, բայց հայերի քաղաքական ներկայությունը դեռեւս կենսունակ է Լիբանանում: Հայ քաղաքական բաղադրիչը երկրի քաղաքական գործընթացների մասնակիցն է, նույնիսկ մասնակցել է Սաուդյան Արաբիայի հովանիով հաջողության հասած Թաիֆի համաձայնագրի խմբագրմանը:
Լիբանանի կյանքում լիբանանահայության այդ քաղաքական դերակատարումը հայերի համար ինչ-որ իմաստով առանձնաշնորհման է նմանվում, եւ թերեւս այդ հատուկ կարգավիճակն է պատճառը, որ լիբանանահայերի որոշ խմբեր վճռել են իրենց կյանքը շարունակել Լիբանանում: Շարունակել՝ անկախ ամեն ինչից: Անկախ լիբանանահայության՝ օրեօր նվազող թվից: Երիտասարդությունը հեռանում է երկրից, համայնքի ներուժը խոցվում է, հայաբնակ թաղամասերը դատարկվում են…
Հայկական գաղութի ղեկավարները (կրոնական եւ աշխարհիկ) իրենք էլ շատ լավ հասկանում են, որ լիբանանահայ համայնքն առաջվա ներուժը չունի։ Լիբանանի՝ 2019 թվականին սկիզբ առած տնտեսական տագնապը սեւ ուրվականի նման հալածում է գաղութային արժեք ներկայացնող բոլոր կառույցներին, որոնք բոլորն էլ մարդուժի կորստի լուրջ տագնապի առջեւ են:
Լիբանանի հայության մասին խոսելով՝ այսօր մի հարց է հնչում միայն. ի՞նչ է լինելու, եթե պատերազմը երկարի, ծավալվի, իսկ հարավից դեպի Բեյրութի մյուս շրջաններ տեղաշարժվող փախստականները իսկական բեռ դառնան երկրի համար, նույնիսկ դառնան ներհամայնքային լարումների եւ խլրտումներ պատճառ: Արդյո՞ք լիբանանահայության կազմակերպված հայրենադարձություն է տեղի ունենալու…
Լիբանանահայ միջին խավը միշտ Հայաստան ներգաղթելու եւ հայրենիքում ապրելու երազն է ունեցել, բայց 44-օրյա պատերազմից հետո այդ երազները նահանջել էին…
Այսօր Հայաստանում այլեւս պատերազմ չկա, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները եւ լիբանանահայ ղեկավար կառույցները պատրաստ չեն այս թեմայով իրար հետ խոսելու, թերեւս երկու կողմերի համար էլ այս պահին ձեռնտու չէ լիբանանահայության հայրենադարձության գաղափարը… Այդ գաղափարը տապալված է, ինչպես իմ բարեկամ Համբիկ Թորոսյանն է ասում՝ ուշացած ենք բոլոր առումներով…
Լիբանանի արյունվող վերքի կողքին մեկ անգամ եւս տապալվում է հայրենադարձությունը: Այն դարձել է բեմերից ծամածռվող խոսակցություն՝ դանդաղորեն մեռնող սփյուռքի օրակարգով, ձեւականորեն հայ ապրելու սին խոսքերով եւ հայրենիքի համար նոր եռանդ ու ներուժ սպանելու մռայլ վիճակով…
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։