Ուկրաինան պետք է կարողանան Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել ուժի դիրքերից, այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ հավելելով, որ դաշինքը լիովին աջակցում է Կիեւին։
«Եթե անհրաժեշտ է, ապա մենք պատրաստ ենք դրան երկար ժամանակ։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք լինել այնպիսի դիրքում, որտեղ Ուկրաինան կկարողանա բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, բայց այս պահը դեռ չի եկել, Ուկրաինան կարող է հույս դնել շարունակական աջակցության վրա»,- հայտարարել է Ռյուտեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որն անցկացվում է Բրյուսելում։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ:
«Այս պահին կարծես թե Ուկրաինան կլինի 33-րդ անդամը։ Բայց գուցե նրանից առաջ մեկ ուրիշն ընդգրկվի։ Բայց Ուկրաինան ապագայում կլինի ՆԱՏՕ-ի անդամ։ Սա այն է, ինչ մենք որոշեցինք Վաշինգտոնում։ Ուստի հարցն այժմ վերաբերում է ժամանակագրությանը»,- ասել է Ռյուտեն։
Ներկա պահին դաշինքի ապագա անդամակցության թեկնածու երկիր համարվում է Բոսնա եւ Հերցեգովինան, առանց կոնկրետ ժամկետների ՆԱՏՕ-ի կազմ մուտք է խոստացված նաեւ Ուկրաինային եւ Վրաստանին։
«Եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ես այս պահին չեմ կարող պատասխանել դրան»,- հավելել է Ռյուտեն՝ նշելով, որ դաշնակիցներն այժմ աշխատում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության «կամուրջ» կառուցելու ուղղությամբ:
Սպասվում է, որ այսօր Բրյուսելում Ռյուտեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հոկտեմբերի ընթացքում սա կլինի նրանց երրորդ հանդիպումը։ Նախօրեին Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, ներկայացրել էր Ուկրաինայի հաղթանակի ապահովման 5 կետանոց ծրագիրը։
Նախագահի ներկայացրած ծրագրի առաջին կետը մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր է ենթադրում։