Երեւանում կայացավ Արմինե Տեր-Ղեւոնդյանի «Կամարի տակով» գրքի շնորհանդեսը։ Վեպը հեղինակի առաջին ծավալուն գործն է գեղարվեստական վավերագրության ժանրում։ Այն սկսել է գրել 2020 թվականին, ավարտել մեկ տարի անց: Հեղինակը ներկայացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում իր 30 տարվա աշխատանքային գործունեությունը, որը համընկնում է Հայաստանի վերջին 30 տարվա պատմության հակասական եւ հուզառատ իրողություններին։ Նորանկախ Հայաստանում ձեւավորվում էր աշխատաշուկան, բացվում էին առաջին դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակները, որոնք այդ օրերին հիմնականում զբաղված էին անցումային շրջանի խնդիրներով։
Գրքի վերնագրում հիշատակված «կամարն» առանցքային է, որն անքակտելիորեն կապված է գրքի հեղինակ-հերոսի կյանքի եւ աշխատանքային առօրյայի հետ. «Ամեն անցած օրվանից հիշողությանս մեջ մնում է միայն երկու ակնթարթ: Մեկը՝ երբ առավոտյան մետրոյով հասնում եմ հրապարակ, քայլում դեպի բարձր կամարն ու տակով վազում դեպի ՄԱԿ-ի շենք։ Երկրորդը՝ երբ գործից հետո՝ օրվա վերջում, այդ նույն կամարի տակով մտնում եմ հրապարակ եւ վազում դեպի մետրո: Իսկ թե ինչ է լինում այդ երկու ակնթարթների միջեւ, չեմ հիշում»։
1990-ականներից Արմինե Տեր-Ղեւոնդյանն աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կթական ծրագրերի բաժնում։ Գրքում ներկայացվող իրադարձությունները սկիզբ են առնում 92-ականներից եւ հասնում մինչեւ 2022 թվականը։ Մանրամասն անդրադարձ կա նաեւ 44-օրյա պատերազմի օրերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը։
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, շնորհանդեսի կազմակերպիչ Ջուլիետա Վարդանյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմեց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում աշխատողների վերաբերյալ հասարակությունում կարծրատիպեր են ձևավորվել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի օրերին գրասենյակի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Այդ օրը, շենքում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գրասենյակում աշխատակիցներ չեն եղել, մինչդեռ ակցիայի մասնակիցներին թվացել էր, թե իրենց արհամարհել են, ոչ ոք չի ցանկացել շենքից դուրս գալ ու լսել իրենց։
«Գիրքը գրված է շքեղ հայերենով։ Կան ներանձնային եւ միջանձնային բախումներ։ Հեղինակը, որը նաեւ վեպի գլխավոր հերոսն է, պայքարում է հասարակության կարծրատիպերի դեմ: Նաեւ ներքին պայքար կա․ նա երբեմն ինքն իրեն է հարցնում՝ ինչ է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս ամենը մանրամասնորեն նկարագրված է գրքում»,- ասաց Ջուլիետա Վարդանյանը՝ հավելելով, որ աշխատանքի բերումով Արմինեն հաճախ է եղել մարզերում, հեռավոր գյուղերում, եւ գրքում մանրամասներ կան այդ բնակավայրերում առկա խնդիրների, բարքերի, մարդկանց մասին, որոնք շատ հետաքրքրական են։
Մեր թղթակցի հետ զրույցում հեղինակը պատմեց՝ 2020 թվականին, երբ երկիրը ցնցումների մեջ էր, շատ կարեւոր էր միջազգային կառույցների դերակատարությունը։ Մարդիկ ՄԱԿ-ից ակնկալում էին, որ միջամտի կամ գոնե կարծիք հայտնի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, ինչը, գոնե այդ օրերին, տեղի չունեցավ։
«Լինելով ՄԱԿ-ի աշխատակից, գիտեի՝ ներսում ինչ է կատարվում, եւ մեր տեղական գրասենյակի աշխատակիցներն ինչ պայքար էին մղում․․․ Դա նման էր դրսում տեղի ունեցող՝ ցուցարարների պայքարին։ Ես ցանկացա դա ներկայացնել, քանի որ հասարակությունը չգիտեր՝ մենք ինչ ենք անում այնտեղ։ Եվ 2020-ի իրադարձությունները խթան դարձան, որպեսզի գրեմ իմ մտորումների, դիտարկումների, մեր հասարակության երկբեւեռվածության մասին։ Ծրագրային այցելություններ էինք ունենում նաեւ մարզեր՝ սահմանամերձ, աղքատ, հեռավոր գյուղեր։ Ինձ համար շատ կարեւոր է կրթության որակն ու երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի իրացման հարցը»,- նշեց հեղինակը։
Փիլիսոփայական մտորումների ձեւով ներկայացվում է այն միտքը, որ մարդու հնարավորությունները հաճախ սահմանափակ են, ուստի նա չի կարողանում փոխել իր կյանքի ուղին, հետեւաբար կարող է խաղաղության հասնել միայն այն ժամանակ, երբ, ընդունի կյանքի այն սցենարը, որն ի վերուստ տրված է, եւ խաչը պատվով տանի մինչեւ վերջ։
Արմինե Տեր-Ղեւոնդյանի՝ աշխատանքի, ապա վաստակած հանգստի անցնելու տարիները համընկել են արհավիրքների ժամանակաշրջանին, եւ դա իր դրոշմն է թողել նրա գրքում։
«Այդ արհավիրքների միջակայքում ընկած տարիներն անցկացրել եմ իմ պրիզմայով։ 2024 թվականի սկզբին դուրս եկա աշխատանքից։ Կարոտում եմ իմ աշխատակիցներին, մարզային այցելությունները։ Գյուղերում ես տեսնում էի մարդկային անկեղծ շփում, հարաբերություններ։ Մի հետաքրքիր բան էլ կա։ Գրքում հումորը շատ է, ես դա օգտագործել եմ որպես գեղարվեստական միջոց։ Անապահով ապրող մարդիկ ավելի թեթեւ են վերաբերվում կյանքին, ավելի հումորով, քան Երեւանում ավելի բարեկեցիկ կյանքով ապրողները, որոնք ծանր են տանում իրենց խնդիրները»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց նա։
Շնորհանդեսի վերջում Արմինե Տեր-Ղեւոնդյանը հույս հայտնեց, որ առաջիկայում նոր ստեղծագործություններ էլ կծնվեն, քանի որ մտորումները շատ են, եւ մեծ է իր տեսածն ու զգացածը ընթերցողին ներկայացնելու ձգտումը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։