Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մասին իրատեսական գնահատականներ են տրվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով իշխող «Վրացական երազանքի» առաջնորդների այն հայտարարությունները, թե Արեւմուտքը դավադրությունների է դիմում Ուկրաինայից հետո Վրաստանում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։
«Վրաստանի քաղաքացիները, ունենալով 21-րդ դարի առաջին տասնամյակում իրենց հետ պատահածի ողջ փորձը, հասկանում են կատարվածի բուն պատճառը: Սա ամենադաժան արկածն է, որին Արեւմուտքը մղել է այս երկրի այն ժամանակվա ղեկավարությանը։ Այն դառնում է ավելի ակնհայտ, ավելի ցայտուն։ Նոր փաստաթղթեր են հայտնվում։ Նման իրադարձություններ տեղի են ունենում աշխարհի այլ մասերում։ Մարդիկ տեսնում են, թե ինչ եղավ իրենց հետ, որ ազատության, ժողովրդավարության եւ ամեն լավ բանի մասին խոսքերի հետեւում իրականում թաքնված էր իրական վտանգավոր «գայլը», որը նաեւ թունավոր է»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքերով` պաշտոնական Թբիլիսիի ներկայիս դիրքորոշումը ձեւավորվում է երկրի նախկին նախագահ «Միխայիլ Սաակաշվիլիի հանցավոր արկածախնդրության ըմբռնման հիման վրա»։
«Ուստի «երկրորդ ճակատի» վերաբերյալ իրատեսական գնահատականներ են տրվում։ Կարծում եմ, որ ոչ ոք չի ցանկանում ներքաշվել, դառնալ «սակարկության առարկա» ուրիշի խաղում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» առաջնորդները շարունակում են հայտարարել Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու Արեւմուտքի մտադրության մասին։ Մինչդեռ իշխանությունների հակառակորդները եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ շեշտում են, որ դա Կրեմլի հռետորաբանությունն է։