Ադրբեջանի իշխանությունները դատական գործընթաց են սկսել գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրանքներ ներկայացնելով Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով:
Էուլջեքչյանին մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատախազը պահանջել է դատապարտել նրան 20 տարվա ազատազրկման:
Բաքվի Յասամալի դատարանի որոշմամբ` Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է նախաքննությունը, եւ գործը փոխանցվել է դատարան։ Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցված է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին: Բացի Էուլջեքչյանից՝ Բաքվում մտադիր են շինծու գործերով դատել նաեւ այլ գերիների։
2015-ին Վիգեն Էուլջեքչյանը ստացել է ՀՀ քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է նախ Երեւան, այնուհետեւ՝ Շուշի։ 2020-ի նոյեմբերի 10-ին Էուլջեքչյանին եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել։ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ է արձակվել։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների եւ պատանդների քրեական հետապնդման փաստը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։