Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հասանելի է, այնուամենայնիվ այդ ճանապարհին դեռ շարունակում են որոշ խոչընդոտներ մնալ։ Նման միտք հայտնել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը Newsweek-ի համար գրած հոդվածում՝ կրկին պնդելով, որ նման խոչընդոտներից առաջնայինը Հայաստանի Սահմանադրությունն է։
«Փաստացի խաղաղությունը իրականություն է դարձել գետնի վրա։ Խաղաղությունը հասանելի է: Այնուամենայնիվ, մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»,- գրել է Հաջիեւը:
Որպես երկրոդ խոչընդոտ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է «Ֆրանսիայի եւ արեւմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ ռազմականացումը», որը, նրա համոզմամբ, «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ իրեդենտիզմի վերածննդին»։
«Համանման կերպով Ադրբեջանի խաղաղ բնակիչների դեմ հրեշային հանցագործություններ գործած դաշտային հրամանատարներին ազատելու կոչերը, նրանց միեւնույն ժամանակ «ռազմագերիներ» անվանելը մենք համարում ենք անբարոյականություն»,- գրել է Հաջիեւը՝ պնդելով թե Հայաստանում ընդդիմադիր գործիչների շարքում կան 1990-ականների պատերազմին մասնակցած «դաշտային հրամանատարներ» որոնք այժմ նոր հակամարտության կոչեր են հնչեցնում։
Հայկական սփյուռքին էլ Ադրբեջանի նախագահի օգնականը մեղադրել է ադրբեջանցիների եւ իրենց երկրի նկատմամբ ազիջումային ատելության համար։
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունն ու սփյուռքը COP29-ին ընդառաջ հարձակումներ են գործում Ադրբեջանի դեմ՝ նպատակ ունենալով դա անել այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Բաքվի վրա, որը կլիմայի վերաբերյալ կարեւոր համաձայնագիր կնքելու լավ հնարավորություն ունի։