Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացված գործողությունների հետեւանքով մեծ հավանականությամբ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։
«Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ժամանակ երեք ահաբեկիչ է սպանվել։ Իսրայելի պաշտպանության բանակը եւ Ընդհանուր անվտանգության ծառայությունը հետաքննում են այն հավանականությունը, որ այդ ահաբեկիչներից մեկը կարող է լինել Յահյա Սինվարը: Ներկա պահին ահաբեկիչների ինքնությունը հնարավոր չէ հաստատել»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ հրթիռային հարձակման ենթարկված շինության ներսում պահվող պատանդների հետքեր չեն հայտնաբերվել։ Նախկինում ենթադրվում էր, որ Սինվարը թաքնվում էր Գազայի ստորգետնյա թունելներում՝ իբր իրեն շրջապատելով իսրայելցի պատանդներով:
Ներկա պահին իսրայելցի զինվորականներն այդ հատվածում են, իսկ ավելի մանրամասն տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ, նշել են մամուլի ծառայությունից։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները Ynet-ին հայտնել են, որ հավանականությունը, որ սպանվածը եղել է Սինվարը, «շատ մեծ» է, եւ որ տեղում կան դրա «նախանշանները»: Սինվարի սպանության մեծ հավանականության մասին խոսել են նաեւ իսրայելական «Kan» ռադիոկայանի աղբյուրները` նշելով, որ Իսրայելն ունի Սինվարի ԴՆԹ-ն, քանի որ վերջինս բավականին երկար ժամանակով պատիժ է կրել իսրայելական բանտում, եւ այս հանգամանքի շնորհիվ նրա մարմնի նույնականացման հարցում խնդիրներ չեն առաջանա:
Սինվարի սպանության մասին տեղեկությունները հաստատել են նաեւ Sky News Arabia-ի աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ Սինվարը սպանվել է Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում իսրայելցի զինվորականների հետ տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Յահյա Սինվարը համարվում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից մեկը։ Նա ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր հուլիսի 31-ին Թեհրանում շարժման նախորդ առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Իսրայելը պաշտոնապես չի ստանձնել Հանիեի սպանության պատասխանատվությունը։ The Washington Post-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ իսրայելական կողմը Հանիեի սպանությունից անմիջապես հետո Վաշինգտոնին տեղեկացրել էր նրա մահվան մեջ առնչություն ունենալու մասին, ինչին Սպիտակ տունն արձագանքել է «զարմանքով եւ վրդովմունքով»։