Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին Գազայի հատվածի հարավում իսրայելցի զինվորականների գործողության ընթացքում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։
«Իսրայելի պաշտպանության բանակը եւ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը հաստատում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին, մեկ տարի շարունակվող հետապնդումից հետո, Հարավային ռազմական շրջանի զինվորները ոչնչացրել են Յահյա Սինվարին Գազայի հատվածի հարավում իրականացրած գործողության ընթացքում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ժամեր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ժամանակ սպանվել է երեք ահաբեկիչ», որոնցից մեկը մեծ հավանականությամբ եղել է Սինվարը: Իսրայելական մամուլի փոխանցմամբ՝ մյուս երկու սպանվածները եղել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի անվտանգության աշխատակիցները։
«Յահյա Սինվարը ծրագրել եւ իրականացրել է [իսրայելցիների] կոտորածը հոկտեմբերի 7-ին [2023], քարոզել է իր մարդասպան գաղափարախոսությունը պատերազմի մեկնարկից առաջ եւ հետո, նա պատասխանատու է բազմաթիվ իսրայելցիների սպանության եւ առեւանգման համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի քիչ առաջ տարածած հայտարարության մեջ:
Տեղեկությունը հաստատելուց հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը աշխարհի արտգործնախարարներին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ Սինվարի սպանությունը «հնարավորություն է ստեղծում» իսրայելցի պատանդներին ազատելու եւ «Գազան ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի վերահսկողությունից ազատագրելու համար»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, հատուկ հեռուսատուղերձում մեկնաբանելով Սինվարի սպանությունը, հայտարարել է, որ այս իրադարձությունը նշանավորում է ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա սկիզբը», որն «այլեւս չի կառավարի» Գազայի հատվածում։
Միեւնույն ժամանակ Նեթանյահուն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությամբ չի ավարտվում Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունը, եւ այն կշարունակվի «ամբողջ ուժով», քանի դեռ շարժման մյուս անդամների կողմից պատանդառված իսրայելացիները ազատ չեն արձակվել։
Իսրայելի վարչապետը նաեւ նշել է, որ իսրայելական բանակը կխնայի եւ թույլ կտա հեռանալ ՀԱՄԱՍ-ի այն մարտիկներին, որոնք կազատեն պատանդներին եւ կհանձնվեն։