Նախօրեին Ֆեյսբուքում իմ գրառմանը նյարդային հարձակումներով, սպառնալի վիրավորանքներով ու պիտակումներով անդրադարձան Հայաստանի երրորդ նախագահի համակիրները:
Ի՞նչ էի գրել: Ահա այն ամբողջությամբ.
«Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկում Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Բյուլբյուլօղլուն ասում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը դադարեցվել է, քանի որ հայկական կողմը՝ Սերժ Սարգսյանը, խոստացել է երեք ամսվա ընթացքում վերադարձնել հինգ շրջան:
Անշուշտ, պետք է վերապահումներով մոտենալ Բյուլբյուլօղլուի կամ ադրբեջանցի յուրաքանչյուր դիվանագետի հայտարարության, բայց այդ օրերին՝ 2016 թվականի ապրիլին, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի այդ պնդումն ուշագրավ է»:
Այս գրառումով քննադատել եմ Սերժ Սարգսյանի ոչ թե հինգ շրջանները վերադարձնելու ենթադրյալ կամ իրական խոստումը, այլ ղարաբաղյան հակամարտությունը չլուծելու նրա հանցավոր քաղաքականությունը: Այդ նույն քաղաքականության մաս են նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք, ստանալով կարգավորման համար նպաստավոր ժառանգություն, այն մսխել են հանուն իշխանության պահպանման՝ աղետ ու արհավիրք բերելով Հայաստանի եւ Արցախի ժողովրդին:
Նույն կերպ, բազմիցս գրել եմ, որ 1997-1998 թվականներին Հայաստանում իրականացվել է քաղաքական հանցագործություն, որի հետեւանքով վիժեցվեց արցախյան հակամարտությունը կարգավորելու պատմական հնարավորությունը:
Երիտհանրապետականների համար կրկնեմ, որ Սերժ Սարգսյանի հանցանքը ոչ թե հինգ շրջաններ վերադարձնելու խոստումն էր Իլհամ Ալիեւին, այլ Աղդամն ու մյուս շրջանները չվերադարձնելը, հարցի կարգավորումը ձգձգելն ու այս աղետը մեր ժողովրդին բերելը:
Անշուշտ, այս աղետի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ նրա ժամանակ ենք տվել չորս հազար զոհ, կորցրել Արցախը, նվաստացրել մեր ժողովրդին, բայց հանցանքի սկիզբը դրվել է 1997-1998 թվականների ռազմապետական հեղաշրջումից ի վեր:
2021 թվականի ապրիլին Իլհամ Ալիեւը Բաքվում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը դադարեցվել է հայերի խնդրանքով եւ Ռուսաստանի միջնորդությամբ, եւև որ Սերժ Սարգսյանը 2016 թվականի հունիսին Ռուսաստանում իրեն խոստացել է շաբաթների ընթացքում վերադարձնել գրավյալ շրջանները, բայց վերադառնալով Երևան՝ հրաժարվել է խոստումից՝ պատրվակ բերելով ոստիկանական բաժանմունքի գրավումը, որ «կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել»:
Ալիեւի այս մեջբերումով մենք կրկին ընդգծում ենք, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Քոչարյանը տասը տարի եւ Փաշինյանը երկու տարի, հաջորդաբար բաց են թողել արցախյան հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները:
Եվ վերջապես, ո՞վ է 2001 թվականի ապրիլին Ազգային ժողովի ամբիոնից ասել, որ Աղդամն ու Միրբաշիրը մեր հայրենիքը չեն, եւ ո՞վ է 2016 թվականի ապրիլյանից հետո Արցախում ասել, որ եթե հինգ շրջանները չվերադարձնենք, ապա ինչպես ժամանակին երգում էինք «Կարս, Կարս» երգը, մենք կերգենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգը:
Մեջբերում Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ 2020 թվականի վերջերին մի հարցազրույցից. «2016-ի ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամներ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»:
Սերժ Սարգսյանը, ցավոք, չունեցավ համարձակություն եւ պետական գործչի պատասխանատվություն՝ կարգավորման տանելու արցախյան հակամարտությունը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։