Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ԵՄ առաջնորդներին ներկայացրել էր իր հինգ կետից բաղկացած «Հաղթանակի ծրագիրը», խոսել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպման մանրամասների մասին։
Ի թիվս այլ բաների, Զելենսկին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ դա միակ այլընտրանքը կարող է լինել Կիեւի կողմից միջուկային զենք ունենալուն, այլապես անհնար կլինի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։
«Կա՛մ Ուկրաինան միջուկային զենք կունենա, եւ դա մեզ համար պաշտպանություն կլինի, կա՛մ մենք պետք է ինչ-որ դաշինքի մաս լինենք։ Բացի ՆԱՏՕ-ից՝ այսօր մենք արդյունավետ այլ դաշինքներ չգիտենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ հենց այս ձեւով է հիմնավորել իր տեսակետները Թրամփի հետ զրույցի ընթացքում: Զելենսկու խոսքերով՝ ԱՄՆ նախկին նախագահը եւ ներկայում նախագահի հանրապետական թեկանծուն ընդունել է իր փաստարկներն ու դրանք «արդար» որակել։
Զելենսկին նաեւ հիշեցրել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի համաձայն՝ Կիեւը հրաժարվել է միջուկային զենքից, սակայն փաստաթուղթը ստորագրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը չեն կատարել իրենց պարտավորությունները, ըստ որոնց՝ Ուկրաինան ստացել է տարածքային ամբողջականության երաշխիքներ։
2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո, Կիեւը Մոսկվային մեղադրեց այս հուշագիրը խախտելու համար։ Ռուսական իշխանություններն էլ իրենց հերթին որպես 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա հարձակման հիմնավորումների մաս մատնանշում են Ուկրաինայի ենթադրյալ միջուկային հավակնությունները, թեեւ Կիեւը չի հայտարարել միջուկային զենք կրկին ձեռք բերելու իր մտադրության մասին:
Զելենսկին սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել է Թրամփի, ինչպես նաեւ նրա դեմոկրատ մրցակից՝ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Թրամփը չի մեկնաբանել հանդիպման մանրամասները։ Նա միայն վերահաստատել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի սեղմ ժամկետներում վերջ դնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին: