Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երաշխավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակել Անտոնիո Գուտերեշի թեկնածությունը, որի պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է 2021-ի վերջին:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Գուտերեշի թեկնածության վերաբերյալ այժմ պետք է որոշում ընդունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Քանի որ Գուտերեշը գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն է, Գլխավոր ասամբլեայի բանաձեւը թերեւս կընդունվի առանց քվեարկության:
Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է 2017-ի հունվարի 1-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով: Գուտերեշը (Պորտուգալիա) կառույցի 9-րդ գլխավոր քարտուղարն է: Միջազգային կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարը եղել է Տրյուգվե Լին (Նորվեգիա): Այնուհետեւ այդ պաշտոնը զբաղեցրել են Դագ Համարշոլդը (Շվեդիա), Ու Տանը (Մյանմա), Կուրտ Վալդհայմը (Ավստրիա), Խավիեր Պերես դե Կուելյարը (Պերու), Բուտրոս Բուտրոս-Ղալին (Եգիպտոս), Քոֆի Անանը (Գանա) եւ Պան Կի Մունը (Հարավային Կորեա):