Ստամբուլում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց հարեւան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» խորհրդակցական հարթակը ձեuավորելու առաջարկը Թուրքիայից եւ Իրանից հնչել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հարթակի առաջին նիստը գումարվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Առաջին նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրացական կողմը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում տարածաշրջանային համագործակցության մասին քննարկելու Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 %-ը։
Վրաստանի արտգործնախարարությունը այս անգամ եւս հրաժարվել է մասնակցել հարթակի աշխատանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Ոչ, Վրաստանը վաղուց է հայտարարել, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասաց մամուլի ծառայության աշխատակիցը։