Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է իր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ երկու երկրների ինքնիշխանության ու իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ: Այս մասին Ստամբուլում ընթացող 3+3 հարթակի հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշելով, որ Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը եւ տեխնիկական վերազինման ապահովումը՝ նախարար Միրզոյանը տեղեկացրել է, որ Երեւանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել նաեւ Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
«Սա լրացնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ չվերթերի հաստատման եւ օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սեւ ծովի, Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջեւ»,- նշել է Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարի խոսքերով՝ հենց իր նշած տեսլականը հաշվի առնելով է հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել իր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման մեխանիզմները։
Միրզոյանը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է եւ արդեն բազմիցս է ցույց տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը եւ իր հարեւանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության եւ քաղաքական անկախության վրա։
Նախարարը նաեւ նշել է, որ տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ Երեւանի տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեկ տարի առաջ։
«Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ եւ դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների եւ էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման եւ շահագործման միջոցով։ Այս նախագծի իրականացման համար կարեւոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության եւ իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաեւ հավասարություն եւ փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն եւ արդյունավետություն»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը նաեւ նշել է, որ ծրագիրը ողջունել են Երեւանի բազմաթիվ գործընկերներ, որոնց շարքում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նախարարն ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ Հայաստանը ակտիվ քայլեր ձեռնարկում է եւ բարձր է գնահատում Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաեւ աշխատում է երկրների միջեւ ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։
Հիշեցնելով, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը՝ Միրզոյանը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության եւ ծառայության համար։