Մոլդովայի կայացած նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների ավելի քան 98,29% հաշվարկներից հետո առաջատար դիրքում է պետության ներկայիս ղեկավար Մայա Սանդուն։ Նա հավաքել է ընտրողների ձայների 41.92%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 26.35%-ը։ Սա նշանակում է, որ երկու շաբաթից Մոլդովայում կայանալու է ընտրությունների երկրորդ փուլը։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կայացած ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին, ապա այս դեպքում Մոլդովայի քաղաքացիների ձայները բաշխվել են գրեթե հավասարաչափ տոկոսներով․ ձայների 98%-ի հաշվարկման համաձայն՝ քաղաքացիների 50.03%-ը պատասխանել է «այո», իսկ 49.97%-ը՝ «ոչ»։
Հանրաքվեից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների բացահայտ մեծամասնությունը պաշտպանել է Եվրամիությանը ինտեգրվելու երկրի կուրսը։
Ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցել է Մոլդովայի ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի։ Մասնակցությունը գերազանցել է 50%-ը։
Ձայների հաշվարկի ժամանակ նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ «հանցավոր խմբերը», որոնք աշխատում են Մոլդովայի ազգային շահերի դեմ թշնամական «օտար ուժերի» հետ, մտադրվել են գնել 300 հազար քաղաքացիների ձայները։ Նրա խոսքերով՝ իր թիմը ապացույցներ ունի այդ «աննախադեպ մասշտաբի խարդախության մասին»:
«Նրանց նպատակն էր խարխլել ժողովրդավարական գործընթացը: Նրանց մտադրությունը հասարակության մեջ վախ ու խուճապ տարածելն է»,- նշել է Սանդուն՝ հավելելով, որ սպասում է վերջնական արդյունքներին եւ «կպատասխանի հաստատուն որոշումներով»։
Մոլդովայի նախագահի պաշտոնին հավակնել է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ պետության ներկայիս ղեկավար Մայա Սանդուն։ Նա պաշտպանում է երկրի արեւմտամետ կողմնորոշումը եւ աջակցում է Եվրամիությանն անդամակցելուն:
Սանդուի հետ երկրորդ փուլ դուրս եկած Ստոյանոգլոյին աջակցում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։ Դրա ղեկավարը՝ երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, չի առաջադրվել, սակայն կոչ է արել իր համախոհներին քվեարկել Ստոյանոգլոյի օգտին։ Միեւնույն ժամանակ սոցիալիստներին չի հաջողվել իրենց թեկնածուի համար ստանալ այլ կուսակցությունների աջակցությունը։
Մոլդովայի իշխանությունները, ինչպես նաեւ արեւմտյան մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ընտրություններից առաջ հայտարարեցին նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության եւ հայրենիքում հեռակա դատապարտված եւ արտասահմանում բնակվող գործարար Իլոն Շորի ներգրավման մասին։