ՄԱԿ-ին առընթեր Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարվա սկզբին Եվրոպայում գրանցված անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումը դադարել է:
«Այս տարի՝ վերջին ժամանակների համեմատ ավելի սառը տարվա մեկնարկի փաստը դեռ չի նշանակում, որ կլիմայական փոփոխությունները դադարել են»,- Ժնեւում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը:
Նյուլիսը հիշեցրել է, որ ամբողջ աշխարհում գրանցվող կլիմայական փոփոխությունների առանցքային պատճառը մարդկային գործոնն է եւ մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազը:
«Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի «ապրելու» մեծ տեւողության պատճառով Երկրի ապագա սերունդներն իրենց վրա կզգան կլիմայական փոփոխությունները: Դա ենթադրում է ջերմաստիճանի բարձրացում, եղանակի ավելի ծայրահեղ դրսեւորումներ, սառույցների հալեցում, ծովերի մակարդակի բարձրացում»,- նշել է Քլեր Նյուլիսը: