Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է Ուկրաինայի վրա հարձակման դեպքում հարվածել Մոսկվային։ Այս մասին Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 18-ին հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
«Ես ասացի. «Վլադիմիր, եթե դու հալածես Ուկրաինային, ես քեզ այնքան ուժգին կհարվածեմ, որ նույնիսկ չես հավատա։ Ես կհարվածեմ հենց գրողի տարած Մոսկվայի կենտրոնին»։ Ես ասացի. «Մենք ընկերներ ենք, ես չեմ ուզում դա անել, բայց ես այլընտրանք չունեմ»»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Թրամփի խոսքով՝ Պուտինն իրեն պատասխանել է «Ոչ մի դեպքում» (No way․ կարող է թարգմանվել նաեւ «ոչ մի կերպ»)։
«Ես ասացի․ «Քեզ այնպիսի հարված կհասցնենք, որ քո գլխից կհեռացնեմ այդ անիծյալ գմբեթները»։ Որովհետեւ, գիտեք, նա ապրում է գմբեթների տակ»,- նշել է Թրամփը։
Հանրապետական թեկնածուն նշել է, որ չի հստակեցրել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել իր զրույցը Պուտինի հետ։ Նա հավելել է, որ «գերազանց հարաբերություններ» է ունեցել Ռուսաստանի նախագահի, ինչպես նաեւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։
Ըստ Թրամփի՝ ե՛ւ Սի Ցզինպինը, ե՛ւ Վլադիմիր Պուտինը գիտեն, որ նա «խենթ է» («fucking crazy»)։
Օգոստոսին Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նախազգուշացրել էր Վլադիմիր Պուտինին, որ «վատ օրեր կգան», եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Թրամփի խոսքով՝ սա վերջին անգամն էր, երբ նա խոսել է Պուտինի հետ։