Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա, ԿԺԴՀ) կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին զորքեր ուղարկելու առիթով Հարավային Կորեայի արտգործնախարարություն է հրավիրվել Ռուսաստանի Դաշնության դեսպան Գեորգի Զինովեւը։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ նշելով, որ դեսպանի հետ հանդիպել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն, որը ռուս դիվանագետին փոխանցել է կառավարության դիրքորոշումը։
Yonhap-ին Զինովեւը հաստատել է, որ հանդիպել է Կիմի հետ։
Ավելի ուշ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը տարածած հաղորդագրության մեջ ընդգծում էր, որ փոխնախարար դեսպանին փոխանցել է իր Կառավարության «հաստատուն դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ վճռականորեն կոչ է արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը եւ դադարեցնել հարակից համագործակցությունը»:
Հաղորդագրության համաձայն՝ փոխնախարար Կիմը նշել է, որ ներկայիս իրավիճակը, երբ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ սերտ ռազմական կապերը դուրս են եկել ռազմական մատակարարումներից եւ հանգեցրել են Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայմանը, լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կորեայի անվտանգության, այլ նաեւ միջազգային հանրության համար։ Նա նաեւ ընդգծել է, որ տեղի ունեցածը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերը եւ կանոնադրությունը։
«Փոխնախարար Կիմը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի անօրինական ռազմական համագործակցությունը, ներառյալ Ռուսաստան զորքեր ուղարկելը, եւ նախազգուշացրել, որ երկիրը կպատասխանի միջազգային հանրության հետ համագործակցությամբ՝ մոբիլիզացնելով բոլոր հասանելի միջոցները ցանկացած գործողությունների դեմ, որոնք կսպառնան մեր հիմնական անվտանգությանն ու շահերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հրավային Կորեայի հետախուզությունը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ տեղեկություններ ունի Փհենյանի կողմից Ռուսաստան մեծաքանակ զորքեր ուղարկելու մասին։ Հետախուզությունը նաեւ պնդել էր, որ ԿԺԴՀ-ն առաջիկայում շուրջ 12 հազար զինվորական կուղարկի ՌԴ։
Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովն էլ հայտնել էր, որ Ռուսաստանի արեւելքում վերապատրաստվում է 11 հազար հյուսիսկորեացի զինվորական, որոնք մինչեւ նոյեմբերի 1-ը պատրաստ կլինեն մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա չէր հայտնել այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նշել էր, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի Կուրսկի շրջան։
Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ կրկին ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեային, այլ նաեւ ամբողջ աշխարհին։