Սուդանի Հյուսիսային Դարֆուր նահանգում, որտեղ մարտեր են ընթանում կանոնավոր բանակի եւ «Արագ արձագանքման ուժեր» (RSF) ռազմական կազմավորման միջեւ, խոցվել է Իլ-76 բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմում կարող էին լինել ՌԴ քաղաքացիներ։
Սուդանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ ստուգում է այս տեղեկությունը:
«Դեսպանատունը, կապ հաստատելով Սուդանի իշխանությունների հետ, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ պարզելու այս միջադեպի հանգամանքները։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ վթարի գոտին Դարֆուրի այն հատվածում է, որտեղ այժմ մարտեր են ընթանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Դատելով Aviation Safety Network ծառայության տվյալներից, որը տեղեկություններ է հավաքում ավիացիայի միջադեպերի մասին, կործանված ինքնաթիռը ունեցել է Իլ-76Տ՝ EX-76011 գրանցման համար։ Ինքնաթիռի օպերատորը եղել է New Way Cargo-ն։ Օդանավը ԱՄԷ-ի Ռաս Ալ-Խայմա միջազգային օդանավակայանից թռչում էր դեպի Սուդանի հարեւան Չադի Ամջարաս քաղաք։
Ըստ Sudan War Monitor պորտալի, որը կենտրոնացած է Սուդանում ընթացող քաղաքացիական պատերազմի լուսաբանման վրա, RSF-ի մարտիկները տեղական ժամանակով մոտ ժամը 4-ին ենթադրաբար սխալմամբ խոցել են Իլ-76-ը՝ այն շփոթելով Սուդանի բանակի ռմբակոծիչների հետ:
«Ապացույցները, ներառյալ բեկորների վերլուծությունը, ցույց են տալիս, որ ինքնաթիռն իրականում եղել է այն օդային կամրջի մասը, որը հովանավորում է ԱՄԷ-ն՝ հաջակցություն RSF-ի ուժերի: Ուրախացած մարտիկները, որոնք գետնի վրա նկարահանում էին բեկորները, կարծես թե չէին գիտակցում, որ իրենք խոցել են այն բեռնատար ինքնաթիռը, որն օգտագործվում էր իրենց իսկ մատակարարումների եւ նյութատեխնիկական ապահովման համար»,- գրում է պորտալը։
Sudan War Monitor-ը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ինքնաթիռի կործանման վայրի տեսանյութերից մեկում մանրամասն ներկայացված է Ղրղզստանի Մանաս օդանավակայանի անցաթուղթը՝ Airline Transport Incorporation FZC-ի սեփականատիրոջ անունով ու պաշտոնով, ինչպես նաեւ անձնակազմի մեկ այլ անդամի մոտ հայտնաբերված ռուսական անձնագիրը։
Պորտալը բացատրում է, որ Airline Transport Incorporation FZC-ն տեղակայված է Արաբական Միացյալ Էմիրություններում:
ԱՄԷ-ի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ մարդասիրական օգնություն են ուղարկում Սուդան եւ զինամթերք չեն մատակարարում հակամարտող կողմերից որեւէ մեկին։
Ամռանը Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակած զեկույցում նշում էր, որ Չինաստանում, Ռուսաստանում, Սերբիայում, Թուրքիայում, ԱՄԷ-ում եւ Եմենում արտադրված զենքն ու զինամթերքը մեծ քանակությամբ ներմուծվում են Սուդան, այնուհետեւ որոշ դեպքերում ուղարկվում Դարֆուր:
«Զենքի մշտական հոսքը Սուդան շարունակում է զանգվածային մասշտաբով քաղաքացիների մահվան պատճառ դառնալ։ Ակնհայտ է, որ սպառազինության առկա էմբարգոն, որը ներկայում վերաբերում է միայն Դարֆուրին, լիովին անբավարար է եւ պետք է թարմացվի եւ ընդլայնվի՝ ընդգրկելով ամբողջ Սուդանը»,- գրում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Հունիսին Սուդանի կառավարությունը ԱՄԷ-ին մեղադրել էր ռազմական խմբավորումներին զենք տրամադրելու միջոցով երկրում պատերազմը թեժացնելու համար: Էմիրությունները նման մեղադրանքներն անվանել էին ծիծաղելի եւ հայտարարել, որ դա «պատերազմող կողմերից մեկի չարաշահումն է»:
ՄԱԿ-ի փորձագետները, որոնք հետեւում են զենքի էմբարգոյին, հունվարին զեկուցել էին, որ «արժանահավատ» ապացույցներ կան այն մասին, որ ԱՄԷ-ն շաբաթը մի քանի անգամ զենք է ուղարկում RSF-ին Չադի տարածքից:
Աբու Դաբին նույնպես հերքեց այս մեղադրանքները եւ հրավիրեց ՄԱԿ-ի դիտորդներին այցելել Ամջարասում կառուցված դաշտային հիվանդանոց։