ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախօրեին չհայտարարված այցով ժամանել էր Կիեւ։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ իր չորրորդ այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ շարունակում է աջակցել Ուկրաինային։
Օսթինը հայտարարեց ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինային 400 միլիոն դոլարի օգնության եւս մեկ փաթեթ հատկացնելու մասին։ Այն կներառի ռազմական տեխնիկա եւ զինամթերք։
Ուկրաինան վերջին ամիսներին լուրջ դժվարությունների է հանդիպում ռուսական շարունակական հարձակումները զսպելու հարցում, ինչը Կիեւին ստիպել է աստիճանաբար հանձնել մի քանի քաղաքներ եւ գյուղեր, հաղորդում է «The Voice of America»-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել աջակցել, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագրին», որը իր պնդմամբ վերջ կդնի գրեթե եռամյա պատերազմին։ Զելենսկու ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության պաշտոնական հրավեր եւ արեւմտյան արտադրության հեռահար հրթիռների կիրառում՝ Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու համար: Նախկինում Կիեւի դաշնակիցները չէին աջակցում այս քայլերին։
Ակնկալվում է, որ Օսթինը Կիեւում կքննարկի այդ ծրագիրը ուկրաինացի պաշտոնյաների հետ:
Կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված տեսաուղերձում Զելենսկին հայտարարել էր, որ իր ծրագիրը ստացել է Ֆրանսիայի, Լիտվայի, սկանդինավյան երկրների եւ ԵՄ շատ այլ դաշնակիցների աջակցությունը։ Նրա խոսքով՝ դրական ազդակներ է ստացել նաեւ ԱՄՆ-ից։