Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ժամանելու համար եւ նշել, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները արտոնյալ գործընկերության բնույթ ունեն։
«Մենք մեծապես գնահատում ենք մեր փոխգործակցությունն այս ոլորտում՝ նկատի ունենալով, որ [BRICS] ասոցիացիայի ստեղծման ակունքներում մեր պետություններն են եղել»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա հավելել է, որ BRICS-ի ղեկավարները գագաթնաժողովում պետք է կարեւոր որոշումներ կայացնեն համագործակցությունն ընդլայնելու եւ ամրապնդելու համար։
Մոդին էլ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին բարեկամության եւ հյուրընկալության համար։ Նա նաեւ ընդգծել է, որ Հնդկաստանը հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ խաղաղության հաստատման օգտին եւ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերելու հակամարտության կարգավորման համար։
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտության առնչությամբ։ Ինչպես նախկինում ասել եմ, մենք կարծում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ լիովին աջակցում ենք խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմանը։ Մենք պատրաստ ենք ապագայում ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու։ Ձերդ գերազանցություն, այսօր մենք հնարավորություն կունենանք խոսելու այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին հանդիպել էին հուլիսին Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Տարեսկզբից նրանք նաեւ չորս հեռախոսազրույց են ունեցել։ Նրանց այսօրվա հանդիպման թեմաները չեն հրապարակվել։
Նշենք նաեւ, որ BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։ Ակնկալվում է, որ ներկա կլինեն 33 երկրների պատվիրակություններ, ադ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավոտյան Թաթարստանի մայրաքաղաք են ժամանել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան եւ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը։ Միջոցառումը պաշտոնապես կմեկնարկի երեկոյան։