ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է երկու շաբաթ։ Նոր հարցումները ցույց են տալիս, որ հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե հավասարվել է գործող փոխնախագահ եւ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին կարեւոր նշանակություն ունեցող նահանգներում, որոնցից հիմնականում կախված է ընտրությունների ելքը:
Երկուշաբթի հրապարակված Washington Post-Schar School-ի հարցումը ցույց է տվել, որ երկու թեկնածուները գրեթե հավասար են ընտրությունների վերջնարդյունքի համար կարեւոր համարվող Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նեւադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում։
Ըստ հարցումների` թե՛ Թրամփի եւ թե՛ Հարիսի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 47 տոկոսը: Մինչդեռ վերջին շաբաթների հարցումների մեծամասնությունը Հարիսին որոշակի առավելություն էր տվել ազգային միջինից:
Արդյունքները համընկնում են տասնյակ հարցումների տվյալների հետ, որոնք վարում է բրիտանական Financial Times-ը:
Ըստ պարբերականի տվյալների` ինչպես առանցքային նահանգներում, այնպես էլ ազգային միջին ցուցանիշով Թրամփն ու Հարիսը հավասար են:
Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում եւ Միչիգանում ոչ մի թեկնածու չի գերազանցում մյուսին ավելի քան երկու տասներորդ տոկոսային կետով: Ընդ որում, ոչ մի թեկնածու չի կարողանա հաղթել ընտրություններում՝ առանց այդ նահանգներից գոնե մեկում առաջ անցնելու։
Ինչպես նշում է New York Times-ը, այս պայմաններում «առաջատար» տերմինը պետք է չակերտների մեջ առնել։ Առաջատարի եւ հետ մնացող թեկնածուի 0,2 միավորի տարբերությունը կարող է շատ նշանակալից թվալ, բայց ընտրությունների ելքը որոշվում է ոչ թե հարցումներով, այլ ընտրողներով:
Հետեւաբար հարցումներում գրանցված միջինում 0,2 տոկոսի առավելությունը կամ պակասը լուրջ ցուցանիշ չի կարող համարվել։
Անցած ընտրություններում հարցումները հաճախ սիստեմատիկորեն թերագնահատել կամ գերագնահատել են մեկ թեկնածուի հնարավորությունները մի քանի տոկոսային կետով: Նման բան կարող է տեղի ունենալ այս անգամ, կանխատեսում են սոցիոլոգները:
Տարեսկզբին եւ հուլիսին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած մահափորձից հետո Թրամփը զգալիորեն առաջ էր անցել այն ժամանակ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, նախագահ Ջո Բայդենից, ինչի մասին վկայում են հարցումները։ Սակայն երբ Հարիսը փոխարինեց նախագահին, այդ տարբերությունն արագ կրճատվեց եւ մինչեւ վերջերս էլ, թեկուզ չնչին տարբերությամբ, պահպանում էր առաջատարի դիրքերը:
Սակայն վերջին շաբաթներին Թրամփի քարոզարշավը կրկին մեծ թափ է հավաքել։ FT-ն կարծում է, որ ընտրողները աստիճանաբար սկսել են անտեսել նրա դատարանային պատմություններն ու կոպիտ պահվածքը եւ կրկին պատրաստ են ընդունելու նրա պոպուլիստական տնտեսական քաղաքականությունը:
Թեկնածուների միջեւ տարբերությունը նկատելիորեն մեծ է դառնում, երբ հարցը դիտարկվում է քարոզարշավի ֆինանսավորման տեսակետից։ Այս դեպքում Հարիսը կրկին առաջ է Թրամփից։
2023 թվականի հունվարի սկզբից Թրամփին հաջողվել է հավաքել 894 միլիոն դոլար։ Մինչդեռ դաշնային փաստաթղթերի վերլուծությունները ցույց են տվել, որ փոխնախագահի քարոզարշավը եւ նրա աջակցող խմբերը միայն հուլիսից մինչեւ սեպտեմբերի վերջը հավաքել են 971 միլիոն դոլար։
Եթե ներառվեն նաեւ Բայդենի քարոզարշավին ուղղված նվիրատվությունները, որոնք ժառանգել է Հարիսը, ապա դեմոկրատները 1,58 միլիարդ դոլար են հավաքել 2023 թվականի հունվարից:
Հարիսն ունի նաեւ մի քանի միլիարդատերերի աջակցությունը, որ նվիրատվություններ են կատարել քաղաքական գործողությունների հանձնաժողովներին (political action committee, PAC), որոնք ԱՄՆ-ում հարկերից ազատված կազմակերպություններ են եւ, ներդրումները հանձնաժողովների անդամներից հավաքելով, այդ միջոցները նվիրաբերում են քարոզարշավներին: Ի տարբերություն թեկնածուների` նրանք կարող են անսահմանափակ գումար հավաքել իրենց աջակցության համար:
Հարիսին աջակցող Future Forward կոմիտեն 5 միլիոն դոլար ստացավ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Պրիցկերից (որը համարվում էր Բայդենի հավանական փոխարինողը, երբ նա դուրս եկավ նախագահական մրցապայքարից) եւ եւս 10 միլիոն դոլար՝ Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցից: Նախկինում Մոսկովիցը եւս 3 միլիոն դոլար էր նվիրաբերել կոմիտեին։
Թրամփին էլ աջակցում են մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, եւ միլիարդատերեր Թիմոթի Մելոնը, Միրիամ Ադելսոնը եւ Ռիչարդ Ուիհլեյնը։ Նրանք ընդհանուր առմամբ 395 միլիոն դոլար են նվիրաբերել նախկին նախագահին աջակցող քաղաքական գործողությունների հանձնաժողովներին՝ ապահովելով նրա նախընտրական միջոցների գրեթե կեսը:
Հանձնաժողովների կողմից ձեռք բերված միջոցների հիման վրա Բայդենի եւ Հարիսի կողմնակիցները հավաքել են մոտ 370 միլիոն դոլար ավելի, քան Թրամփի կողմնակիցները. 1,89 միլիարդ դոլար՝ 1,52 միլիարդ դոլարի դիմաց:
Ակնկալվում է, որ Թրամփը եւ Հարիսը կհատեն երկիրը ընտրություններին մնացած երկու շաբաթվա ընթացքում՝ փորձելով մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածը եւ, ամենակարեւորը, համոզել այն ամերիկացիներին, որոնք դեռ չեն որոշել, թե ում են սատարելու կամ ընդհանրապես քվեարկելու: