Լոռու մարզի Տաշիր քաղաքում եւ հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախցիների հետ հանդիպմանը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին են հանձնվել Գանձասարի վանքի բանալիները։ Այս մասին հայտնում է թեմի կայքը։
Նշվում է, որ հանդիպմանը, որին ներկա էին Տաշիր համայնքի հոգեւոր հովիվ Լեւոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը եւ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին եւ հանձնել բանալիները։
«Պարզվեց, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, որ 90-ականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռն իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցեց Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կվերադառնանք հայրենի Արցախ եւ նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները»,- ասվում է թեմի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացթում Վրթանես Սրբազանը նաեւ հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել Տաշիր համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։ Օրվա վերջում էլ Սրբազանն այցելել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը։