ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով վավերացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Նախագծին, որն ամբողջությամբ կոչվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգ», կողմ է քվերակել 65 պատգամավոր, գումարվել է բացակա եւս 2 պատգամավորի կողմ արտահայտած քվեն:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ», չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ սահմանազատման կանոնակարգը ստորագրել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը օգոստոսի 30-ին։
ՀՀ Կառավարությունը փաստաթուղթը խորհրդարան էր ուղարկել սեպտեմբերի 26-ին՝ Սահմանադրական դատարանի կողմից այն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուց հետո։
Ըստ Կանոնակարգի՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սակայն չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին կարող են ներգրավել փորձագետների, փոխանակել քարտեզագրական եւ գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել եւ ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, իրականացնել սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով սահմանագծման աշխատանքներ եւ այլն։