Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հաստատեց տեղեկությունները «Հեզբոլլահի» ազդեցիկ առաջնորդներից շեյխ Հաշեմ Սաֆի ալ-Դինի սպանության մասին, որը համարվում էր նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի իրավահաջորդը։
Իսրայելական բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆի ալ-Դինը շիայական «Հեզբոլլահի» հետախուզության ղեկավարի եւ շարժման մի շարք այլ ղեկավարների հետ սպանվել է երեք շաբաթ առաջ Բեյրութի հարավային Դահիյա արվարձանին հասցված հարվածների հետեւանքով:
Սեպտեմբերի վերջին արաբական լրատվամիջոցները գրել էին, որ շեյխ Սաֆի ալ-Դինը արդեն ընտրվել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի պաշտոնում, սակայն շարժումը այդ տեղեկությունները պաշտոնապես չի հաստատել։
Հոկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ Նասրալլահի իրավահաջորդը կարող է սպանված լինել Բեյրութի ռմբակոծությունների հետեւանքով։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Իսրայելը նաեւ իրավունք ունի հաղթելու եւ դա կանի: Մենք թուլացրել ենք «Հեզբոլլահի» հնարավորությունները։ Մենք սպանեցինք հազարավոր ահաբեկիչների, ներառյալ հենց Նասրալլահին, Նասրալլահի իրավահաջորդին եւ նրա իրավահաջորդին: Այսօր «Հեզբոլլահը» ավելի թույլ է, քան երբեւէ եղել է երկար տարիներ ի վեր»,- ասել էր Իսրայելի վարչապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հեզբոլլահի» դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի նպատակը լիբանանյան շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է եւ Իսրայելի հյուսիսային շրջաններից շուրջ 80 հազար տեղահանված բնակչության վերադարձի համար պայմանների ապահովումը, որոնք իշխանությունների կողմից տարհանվել էին իսրյալա-լիբանանյան սահմանին սրվող իրադրության պատճառով:
Հոկտեմբերի 1-ից էլ Իսրայելը հայտարարել է Լիբանանի տարածքում ցամաքային սահմանափակ գործողություններ սկսելու մեկնարկի մասին։