2024 թվականի սեպտեմբերի 28-ին «Ալիք Մեդիա»-ն հոդված էր հրապարակել արցախցի նկարչուհի Ալյոնայի մասին, որը 2023 թվականին Ստեփանակերտից տեղահանվելուց, Հայաստանում հաստատվելուց հետո չէր ստացել իրեն հասանելիք սոցիալական աջակցության մի մասը։
«2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը պետք է անսական 40 000 + 10 000 դրամ ստանայի, բայց այդպես էլ այդ գումարը չտվեցին։ Դրանից բացի՝ այդ ժամանակահատվածում ամսական 50-հազարական դրամ պետական աջակցություն էր տրամադրվում։ 2023 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին էլ այդ 50-հազարական դրամը չեմ ստացել։ Ահագին գումար է, եւ շատ հոգսեր կկարողանայի հոգալ դրանով, եթե թեկուզ հիմա փոխանցեին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմել էր Ալյոնան։
Այսօր նա կապ էր հաստատել մեր թղթակցի հետ, շնորհակալություն հայտնել իր խնդիրը լուսաբանելու համար, ապա տեղեկացրել՝ երեկվանից հաղորդագրություններ է ստացել․ իր բանկային քարտին փոխանցումներ են կատարվել։ Մեր հրապարակումից հետո Ալյոնան ստացել է 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր եւ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ (ընդհանուր՝ վեց ամսվա) ամիսների սոցիալական աջակցությունը։
«Չեն փոխանցել միայն երկու ամսվա 50-հազարական դրամը։ Հավանաբար դա ստանալու համար արդեն պետք է դիմում ներկայացնեմ, դրա վերաբերյալ մանրամասներ իմանալու համար կդիմեմ պատկան մարմիններին»,- նշեց Ալյոնան՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակահատվածում 100 հազար դրամն էլ կստանա։