ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth social սոցցանցի իր էջում գրել է, որ գործող փոխնախագահ եւ իր մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախում»:
Գրառման մեջ ԱՄՆ նախկին նախագահը նաեւ հայտարարել է, որ աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահը:
«Երբ ես նախագահ դառնամ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով, Հարիսը ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում շեշտել էր, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը կարեւոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։
Դեմոկրատ թեկնածուն նաեւ ընդգծել էր, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: