Ալիք Մեդիան հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի պատասխանները։
Այն, ինչ մենք տեսանք պատերազմում, եւ այն անիշխանությունը, որ տեսանք մեր երկրում պատերազմից հետո, ստիպեցին, որ մեր ընկերների հետ որոշենք ու հիմնենք քաղաքական ուժ, որը կտարբերվի իր գաղափարներով, ծրագրերով ու ժողովրդին այլընտրանք կներկայացնի:
Մենք շուտով մեր ծրագիրը կներկայացնենք հանրության դատին: Այն տարբերվող է ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ անվտանգության առումներով: Արտաքին քաղաքական առումով պատկերացնում ենք, որ պետք է ձեռք բերել նոր ռազմավարական դաշնակիցներ: Մենք չենք փորձելու որեւէ պետության հետ ռազմավարական դաշնակցություն ստեղծել այն հենքով, որ այդ պետությունն ուժեղ է, մենք առանձնահատուկ հարաբերություններ ենք ստեղծելու տարբեր պետությունների հետ` ձեւավորելով երկարատեւ ռազմավարական դաշնակցություն: Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է կարգավորել մեր անվտանգային խնդիրը: Կարծում եմ, քաղաքացին իր գնահատականը կտա:
Ակնհայտ է, որ այդ համաձայնագրով ամրագրված չէ Հայաստանի/Արցախի շահը, եւ եթե չկարողանանք բեկում մտցնել, չենք կարողանալու մեր երկրի շահը երկարաժամկետ սպասարկել։ Հայաստանը պարտավոր է իր արտաքին քաղաքական դոկտրինը վերաշարադրել, անվտանգային եւ տնտեսական խնդիրների լուծումներն ապահովելու համար ձեռք բերել դաշնակցային նոր հարաբերություններ։ Արցախը ՀՀ քաղաքական ինքնության ու անվտանգային շահերի կարեւորագույն բաղկացուցիչ մասն է եւ որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Հայաստանի ներկա եւ նախորդ իշխանությունների վարած անհաշվենկատ, անհեռատես եւ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չպահպանած քաղաքականության հետևանքով Արցախի շուրջը ստեղծվել էր իրավական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական քաոս: Հայանպաստ լուծումից հեռացած ու տարիներ ձգվող անբովանդակ բանակցությունները պարարտ հող ստեղծեցին թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի համար, ինչն էլ հանգեցրեց մարդկային եւ տարածքային ահռելի կորուստների: Բայց Արցախի եւ արցախահայության ապագան մենք տեսնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ համընդհանուր հայկական անվտանգային շահերի ապահովման տիրույթում: Մենք պետք է ձգտենք այնպիսի հզոր պետության կառուցման, որը կկարողանա կյանքի կոչել այդ նպատակները։
Դա նկատում ենք, եւ Ռուսաստանի գործողությունների արդյունքում մեր քաղաքացիները հասկացել են, որ դա այն չէ, ինչ իրենք պատկերացրել են: Իսկ թե ով կզբաղեցնի նրա տեղը, կարծում եմ, հնարավորություն կա ավելի խորացնելու համագործակցությունը Ֆրանսիայի հետ, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք հասցնել ռազմավարական դաշնակցի մակարդակի: Ֆրանսիան ինքն է ցույց տվել, որ պատրաստ է դրան: Ֆրանսիան ատոմային ռումբ ունեցող գերտերություն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, եւ ՀՀ-ի համար շահեկան կլինի, որ նման զարգացած երկրի հետ դաշնակցություն ձեւավորվի:
Առհասարակ պետք է դուրս գանք սեւ ու սպիտակ քարոզչությունից, ներսում թշնամիներ ման չգանք եւ փորձենք խնդիրները տեղափոխել քաղաքական դաշտ: Միասին փորձենք հասկանալ, թե այդ խնդիրների վերաբերյալ ինչ ընդհանուր հայտարարի կարող ենք գալ: Բայց այս մեծ ատելության չափաբաժինը Հայաստանի կործանման ամենակարճ ճանապարհը կարող է լինել: Մենք դա պետք է հասկանանք ու դադարեցնենք ատելության քարոզը:
Որպեսզի մենք դա ունենանք, այսօրվանից պետք է սկսենք: Այսօրվանից մեր քայլերը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերություններն այնպես պետք է ձեւավորենք, որ, այո՛, հասնենք դրան: Մեր հարաբերությունները Իրանի հետ պետք է զարգացնենք, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները վերաձեւակերպվում են: Մենք ոչ թե պետք է որեւէ պետության մոտ մեղավոր զգանք, որ մյուս պետության հետ հարաբերություն ենք սկսում, այլ պետք է այդ հարաբերություններում մեր շահը գտնենք: Ասենք, աշխա՛րհ, Իրանի հետ խնդիր ունե՞ս, դա ձեր երկկողմ կամ բազմակողմ խնդիրն է: Մենք այդտեղ չկանք, մենք Իրանի հետ ունենք այս-այս շահերը եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ շահերը սպասարկենք, որովհետեւ դա մեր երկրի անվտանգային, տնտեսական եւ այլ հեռանկարներից է բխում: Վրաստանի հետ` նույնպես: Պետք է Ռուսաստանին չասենք, թե ինչու ենք Վրաստանի հետ հարաբերություն զարգացնում, մենք այդ երկրի հետ մեր շահերն ունենք: ԱՄՆ-ի հետ՝ նույնպես, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ՝ նույնպես: Այո՛, հնարավոր է, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան:
Այո՛, եթե Թուրքիան առնչվի պատմության իր սեւ էջերին եւ ոչ թե մերժողական քաղաքականություն վարի: Եթե այդ երկրի գործող կամ հաջորդ ղեկավարներն ընդունեն, որ իրենց նախորդները սխալ են եղել, որ տարածաշրջանում պատերազմ են հրահրել: Ու դա սեղանին պետք է դնենք մենք, եւ ոչ թե մեր փոխարեն այլ պետություններն անեն:
Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է, քանի որ Ադրբեջանի հակահայկական տրամադրվածությունը, Հայաստանին ամեն գնով նոր կապիտուլյացիաներ պարտադրելու քաղաքականությունը չեն կարող բերել նորմալ փոխհարաբերությունների, այդ թվում` կոմունիկացիոն ուղիների բացմանը: Բնականաբար, մինչեւ չթոթափենք այս ծանր վիճակը, չենք կարողանա: Դա շատ է ուզում Ադրբեջանը, բայց կարծում եմ, դա նոր կոնֆլիկտների բերող բան է: Ինչ վերաբերում է միջանցքին, առհասարակ պետք է փակել այդ մասին խոսակցությունները:
Ես էլ եմ այդ վտանգը տեսնում եւ կարծում, որ այս պահին սահմանազատման եւ սահմանագծման որեւէ աշխատանք չպետք է լինի: Մինչեւ Արցախի հարցը չկարգավորվի, այդ հարցին չպետք է անդրադառնալ:
Ես հույս ունեմ եւ ուզում եմ, որ այդպես լինի, բայց վստահ չեմ: Քանի որ այս պահին մենք ունենք անիշխանություն, վստահ չեմ կարող ասել, թե ընտրությունների` ազատ եւ արդար չլինելու վտանգը որտեղից կարող է գալ:
Այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չկան: Բանակցություններ եղել են «Քաղաքացու որոշում», «Արդար Հայաստան» կուսակցությունների, Արման Բաբաջանյանի հետ, բայց ընդհանուր հայտարարի չենք եկել: Կարծում եմ, որոշ ուժերի ամբիցիաները խանգարեցին:
Առաջին քայլը լինելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող` ԱԺ հատուկ հանձնաժողովի ստեղծումը: Այնուհետեւ կաշխատենք ըստ մեր ծրագրային առաջնահերթությունների: