Կազանում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից եւ ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաեւ զարգանում:
Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է:
Իրանի նախագահն էլ կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարեւան եւ բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր՝ մասնավորապես, անդրադարձ կատարելով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի շուրջ:
«Զրուցակիցները կարեւորել են խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը: Փեզեշքիանն ու Փաշինյանը համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր եւ խոր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»,- ասվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման մասին հայտնել էր իրանական «Mehr» գործակալությունը՝ այլ մանրամասներ չնշելով։