ԱՄՆ-ն ու Գերմանիան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցման հիմնական հակառակորդներն են։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները «վերացական» աջակցություն են ցուցաբերում այդ գաղափարին, սակայն չեն պաշտպանում անհապաղ հրավերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին արագ անդամակցությունը իր, այսպես կոչված, «հաղթանակի ծրագրի» հիմնական կետն է համարում, որը, ըստ նրա, կօգնի դադարեցնելու ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ: Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ դաշնակիցների մեծ մասը դեռեւս պատրաստ չէ հրավիրելու Ուկրաինային դաշինք, գոնե հիմա:
«Այսօր դաշինքը դեռ չի հասել այն կետին, երբ պատրաստ է Ուկրաինային առաջարկելու անդամակցություն կամ հրավեր»,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիաննա Սմիթը Politico-ի հետ հարցազրույցում: ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ մուտքի գործընթացը կսկսվի ռուսական ներխուժման ավարտից հետո:
Բայդենի վարչակազմի կարծիքով՝ Եվրոպայի երկրների մեծամասնությունը չի աջակցի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտքին մոտ ապագայում, ասել է անանուն ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան Politico-ի հետ զրույցում:
Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության ամենամեծ եվրոպական հակառակորդը Գերմանիան է: «Մենք ապահովում ենք, որ ՆԱՏՕ-ն չդառնա պատերազմի կողմ, որպեսզի այն չվերածվի ավելի մեծ աղետի»,- նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բայդենի այցի ժամանակ:
Հունգարիան եւ Սլովակիան սկզբունքորեն դեմ են Ուկրաինային ռազմական դաշինքին հրավիրելուն: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» անվանել է «սարսափեցնող» եւ նշել, որ շարունակելու է ԵՄ-ին կոչ անել բանակցել Ռուսաստանի հետ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ զգուշացրել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալը «կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի լավ հիմք», եւ երդվել, որ «երբեք դա թույլ չի տա»:
Politico-ի երկու աղբյուր նշել են, որ կան այլ երկրներ, որոնք նույնպես չեն ցանկանում հրավիրել Ուկրաինային ՆԱՏՕ հենց հիմա, բայց նախընտրում են մնալ «ստվերում»:
«Նման երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան կամ Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի հետևում»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Լեհաստանը եւ Բալթյան երկրները ավելի խանդավառությամբ են մոտենում Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունելու հարցին, նշում է Politico-ն: Ֆրանսիան նույնպես բաց է այս գաղափարի համար: «Հրավերը առաջին քայլն է, քաղաքական ազդանշանը, եւ մենք կարող էինք այն անել հենց հիմա»,- ասել է Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Բենջամին Ադադը:
Նախորդ շաբաթ Le Monde թերթը, հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն այլեւս «հիմնարար առարկություններ» չունի Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու դեմ: Նյութի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է նախաձեռնել այս գործընթացը նախագահական ընտրություններից հետո, եթե հաղթի Քամալա Հարիսը: