Կազանում BRICS-ի XVI գագաթնաժողովի «Աուտրիչ/BRICS+» ձեւաչափով նիստի ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Հանդիպման կադրերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր վարչապետ Փաշինյանը։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում են նաեւ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահականը տարածել են նույնաբովանդակ հայտարարություններ։ Դրանցում մասնավորապես նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նաեւ նշվում է, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։