Ռուսաստանում ազատազրկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դուստրը՝ Դարյա Նավալնայան, երեքշաբթի մասնակցել է Ժնեւի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության՝ առցանց ձեւաչափով տեղի ունեցած համաժողովին եւ ստացել հոր անունով տրված «Արիության մրցանակը»:
Համաժողովի իր ելույթում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ուսանողուհի 20-ամյա Դարյա Նավալնայան շոշափել է Ռուսաստանում ժողովրդավարության ծանրագույն ճգնաժամի թեման:
«Սա ճանաչման վկայություն է, ինչը նշանակում է, որ աշխարհն անտարբեր չէ Ռուսաստանի նկատմամբ: Ես դա ասում եմ որպես հպարտ դուստր եւ հայրենիքում ժողովրդավարության կտրուկ անկումով մտահոգ Ռուսաստանի քաղաքացի»,- ասել է Նավալնայան:
Ալեքսեյ Նավալնին 2.5 տարվա սահմանված պատիժը կրում է Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի բանտում:
Նրա աջակիցների, իրավապաշտպանների եւ արեւմտյան երկրներից մեծ թվով ղեկավարների պնդմամբ՝ Նավալնիին բանտ են նետել, քանի որ նա հետեւողականորեն բացահայտել է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա շահերը սպասարկող օլիգարխների եւ պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները: